Սեպտեմբերի 16-ին, ժամը 20:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 5 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Միքայելյան փողոցի թիվ 2 շենքի 1-ին բնակարանում (սեփականատեր՝ Զ. Հ.) տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի միջսենյակային պատերը, պատշգամբը, վնասվել են դռները, պատուհաններն ու գույքը, մասամբ փլուզվել է թիվ 1 և թիվ 2 բնակարանների բաժանարար պատը (մոտ 20 քմ), վնասվել են թիվ 3 բնակարանի դրսի՝ 1 և ներսենյակային 2 դուռ. տուժածներ չկան: Փրկարարները սահմանազատել են տարածքը և շենքից տարահանել մոտ 30 բնակիչ: Ինժեներական տեղազննման արդյունքում հայտնաբերվել է ժամացույց՝ միացված էլեկտրական լարերով, 4 էլեկտրական և 4 կրակային ճայթիչ պայթուցիչներ, ավտոմեքենայի ազդանշանային համակարգի հեռակառավարման վահանակ՝ մարտկոցով, որոնք նախատեսված են եղել պայթեցման համար: Հայտնաբերված սարքը վնասազերծվել և հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին: Կինոլոգները բնակարանում և շենքի նկուղում իրականացրել են տեղազննում, որի արդյունքում այլ պայթուցիկ սարք կամ նյութեր չեն հայտնաբերվել:

ՀՀ ԱԻՆ