ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը գրում է․

Մեր հերթական բազմամարդ հանրահավաքից հետո սոցցանցերն եմ ստուգում, ու, դու մի ասա, մարդ ա վատացել։ Քաղաքական դիսկուրսի լեզուն քուչի շփման մշակույթի հետ խառնած անձանց, ովքեր խոսում են արժեքներից ու սկզբունքայնությունից, խնդրում եմ քնելուց առաջ վերհիշել իրենց քաղաքական հետագիծը։ Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ ու հեղափոխական #իմքայլը դաշինքի անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը։

ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը արձագանքում է․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանին, ով ակնհայտորեն, իր բառապաշարով ասած՝ քաղաքակիրթ դիսկուրսը շփոթել է քուչի լեզվի հետ, եւս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել՝ մենք քարոզարշավի հենց առաջին օրից հորդորել էինք մնալ քաղաքակիրթ դիսկուրսի շրջանակում, հորդորել էինք երեւանցուն ներկայացնել բացառապես քաղաքական ուժերի ծրագրերը, չվիրավորել եւ չանվանարկել մրցակիցիներին, սոցիալական ցանցերում չտարածել ատելության քարոզ եւ կեղտոտ հայհոյանքներ, պետական ողջ ռեսուրսը չդնել հայհոյող կեղտոտ ֆեյքերի բազմացման գործի վրա։

Ցավոք, մեր բոլոր հորդորները մնացին անարձագանք։ Ավելին, գործի դրվեց սեւ քարոզչության ողջ զինանոցը եւ մեզ հայտարարվեց բացահայտ քարոզչական պատերազմ։ Մենք ընդամենը, հարգելի Կոստանյան, արձագանքել ենք ձեր նետած ձեռնոցին եւ ընդամենը մեր հայրենակիցներին ներկայացրել ենք իրական փաստերը։ Ոչինչ ավելին։ Ուստի, կրկին հորդորում ենք մեր բոլոր գործընկերներին՝ մնալ քաղաքակիրթ բանավեճի շրջանակում եւ կրկին անգամ կոչ ենք անում համերաշխության մթնոլորտում գնալ ընտրությունների։