Լավ  քաղաքապետը նա է, ով կարողանում է ոչ միայն իր շուրջը համախմբել իր թիմը, այլ նաեւ կկարողանա կոնսոլիդացնել երևանցիներին: Նման կարծիք է հայտնել ճարտարապետ, երաժիշտ Արթուր Մեսչյանը: Նա միաժամանակ նշել է, որ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը կարող է կոնսոլիդացնել բոլորին:

Մեսչյանի մոտ նման կարծիք ձեւավորվել է Մարությանի հետ հանդիպումից: «Հայկ Մարությանի հետ հանդիպման ժամանակ ինքը կարողացավ ինձ կոնսոլիդացնել, որը շատ բարդ է: Ես հավատում եմ Հայկին, որովհետեւ քաղաքապետ լինելու համար մի քանի հատկանիշներ է, որ պետք է ունենալ՝ մեծ սիրտ, մեծ համբերություն, կարողություն՝ մեկ-մեկ բավականին լուրջ ջղայնանալ: Հանդիպումների ժամանակ ես հասկացա, որ այդ ամենը Հայկի մոտ ներկա են:

Թող ոչ ոք չկարծի, որ ընտրության ժամանակ մենք լավություն ենք անում այդ անձին, ում ընտրում ենք քաղաքապետ: Մենք չենք պատկերացնում, թե ինչ է նշանակում, որ քաղաքապետն ազնվորեն ծառայում է քաղաքին, ոչ թե իրեն: Դա սարսափելի մեծ բեռ է, ֆանտաստիկ դժվար աշխատանք է: Մենք առանց լավ թիմի ու ժողովրդի չենք կարող հասնել հաջողության, իսկ հաջողության չհասնելու իրավունք չունենք: Եւ քաղաքապետը պետք է հաջողի, եւ քաղաքացին, սա իմ երազանքն է»,- մասնավորապես ասել է Մեսչյանը: