ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հաղորդում է Известия թերթը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։ Պեսկովի խոսքով՝ ացի ամսաթիվը դեռևս հայտնի չէ։

«Ժամկետները կհստակեցվեն»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով թերթի հարցին։

Թերթը հիշեցնում է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցան Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները, որոնց ավարտից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահին հրավիրել է Հայաստան, և հուսով է, որ նա պաշտոնական այցով ՀՀ կայցելի մոտ ապագայում։

Երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպումը կլինի արդեն 5-րդը 2018 թվականի մայիսի 8-ին Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո։