Tert.am գրում է. «Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի ոստիկանությունը շատ ռիսկային է համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցը երկիր և առաջարկել է իշխանություններին այդ օրերին արտակարգ ռեժիմ սահմանել քաղաքում, գրում է «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայությունը։

Նշվում է, որ իրավապահները հատկապես մտահոգված են Գերմանիայում ապրող ու «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն աջակցող քրդերի և ծայրահեղ ձախակողմյան գերմանացիների կողմից Էրդողանի այցի դեմ բողոքի ակցիաների ընթացքում տեղի թուրքական համայնքի հետ հավանական բախումների առնչությամբ։

Հայտնի է նաև, որ Թուրքիայի նախագահի այցի ընթացքում Բեռլինում ծառայություն կիրականացնի շուրջ 10.000 իրավապահ։

Հիշեցնենք, որ Էրդողանը 4 տարվա դադարից հետո առաջին պաշտոնական այցով Բեռլինում կլինի սեպտեմբերի 24-ին։

Օրերս հայտնի է դարձել, որ գերմանացիների 65,8 տոկոսը չի ցանկանում, որ Էրդողանը Գերմանիա այցի ժամանակ հրապարակային ելույթ ունենա տեղի թուրքական համայնքի առաջ»։