Tert.am գրում է. «Թուրքիան զենք է մատակարարում Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում գտնվող ընդդիմադիր գրոհայիններին, որոնք կռվում են սիրիական բանակի ու նրանց դաշնակից Ռուսաստանի և Իրանի դեմ, նման տեղեկություն է հրապարակել բրիտանական Reuters գործակալությունը։

Մասնավորապես՝ նշվում է, որ թուրքական ԶՈւ-ն զինված խմբերին փոխանցել է հրթիռներ՝ ԲՄ-21 (Գրադ) տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար։

Թուրքական կողմը, սակայն, որևէ կերպ չի մեկնաբանել տարածված տեղեկատվությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան սիրիական Իդլիբ է ուղարկում «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր զինված խմբավորման զինյալներին, որոնք աջակցել են Թուրքիային Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների ժամանակ։

Նշվում էր, որ խմբավորումն այս պահին Սիրիայի հյուսիսում ունի ավելի քան 50.000 զինյալ, որոնցից առնվազն 20.000-ին տրվել է Իդլիբի գործողությանը մասնակցելու համար պատրաստ լինելու հրահանգ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր հարցազրույցներից մեկում խոսելով Իդլիբի գործողության մասին, չէր հերքել այս լուրերը»։