«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոլիկի գնի շուրջ բողոքներին զուգահեռ՝ վերջին շրջանում քաղաքացիներն ահազանգում են, որ լոլիկի մեջ հաճախակի որդ է նկատվում: Ահազանգի, ինչպես նաև լոլիկի շուկայում առկա խնդիրների մասին «Փաստ»-ը զրուցեց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ: Նա մեզ հետ զրույցում նախ ընդգծեց, որ քաղաքացիների նկատածը ոչ թե որդ է, այլ մորմազգի ցեց. «Այն ծակում է լոլիկն ու ձվադրում անում: Մենք այդ մասին բազմիցս ենք ահազանգել: Իսկ գյուղնախարարն ասում է՝ 100 օրում ի՞նչ կարող էի անել: Նման հայտարարություն անելու փոխարեն նախարարությունն ուղղակի կարող էր սրսկումներով զբաղվել, թե՞ նախարարը չգիտեր՝ ուր է եկել: Եթե նման աշխատանքներ անեին, մենք դաշտի լոլիկ կունենայինք, բայց գյուղնախարարությունն ամեն ինչ արեց, որ ջերմոցի լոլիկը 250–300 դրամ մեծածախ գնով վաճառվի, շուկաներում էլ հայտնվի 500 դրամով: Կարծում եմ՝ գյուղնախարարությունն ինչ–ինչ պատճառներով խթանում է ջերմոցի «ընկերների» աշխատանքը՝ զուգահեռ անտեսելով հայ գյուղացու աշխատանքը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, թե ինչ մարդկանց է նշանակել: Հազարավոր գյուղացիներ այսօր լոլիկից զրկվել են: Մենք համոզված ենք, որ սա կազմակերպված է: Մենք ամեն տարի՝ սկսած նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներից, դիմում ենք կառավարությանը: Ամեն տարի ասում ենք, որ մորմազգի ցեցը խանգարում է սմբուկի, պղպեղի, վաղահաս կարտոֆիլի և լոլիկի արտադրանքին, վնասում է բերքը, բայց կառավարությունը և գյուղնախարարությունն անտեսում են մեր մտահոգությունները»: Հրաչ Բերբերյանը շեշտեց, որ նախարրությունը պետք է ծրագիր ներկայացնի, բայց չի անում:  «Կարծիք կա, թե մորմազգի ցեցը Թուրքիայի լոլիկի հետ է եկել, ինչը, սակայն, բլեֆ է: Արաքսի մյուս ափին էլ կա և նույն հաջողությամբ կարող էր անցնել այս կողմ: Մենք նախկինում մասսայական պայքար էինք մղում մորմազգի ցեցի դեմ: Երբ, օրինակ, Էջմիածնում նկատում էինք, անմիջապես սրսկումներ էինք անում: Հիմա հողերը փոքր են, գյուղացին իր հողը սրսկում է, հարևանը՝ ոչ: Այսօր մորմազգի ցեցի դեմ հարկավոր է ավիացիոն պայքար, իսկ գյուղնախարարությունը, չգիտեմ ինչու, այդ պայքարն իրականացնում է մորեխի դեմ. Հայաստանում մորեխ չկա, բայց մորեխի դեմ են պայքարում»,- ասաց նա՝ հավելելով, որ մորմազգի ցեցը ակտիվանում է հուլիս- օգոստոս ամիսներին: «Լեռնային գոտում մորմազգի ցեց չկա, ցեցը հիմնականում վնաս է տալիս Արարատյան հարթավայրի բերքին: Ես դիմում եմ նաև պետական վերահսկողության ծառաության պետ Դավիթ Սանասարյանին: Թող հետաքննեն, պարզեն, թե գյուղնախարարությունն ինչու համառորեն չի պայքարում մորմազգի ցեցի դեմ և փոխարենը խթանում է ջերմոցների աշխատանքը»,- նշեց Հ. Բերբերյանը:  Վերջինս չի ուզում պատկերացնել, թե մեկ կամ երկու տարի հետո ինչ իրավիճակ կարող է լինել, եթե հստակ քաղաքականություն ու վերահսկողություն չլինի. «Հինգերորդ տարին է՝ տոմատի մածուկ չունենք: Եվ սա այն Հայաստանն է, որը 30 հազար տոննա տոմատի մածուկ է արտադրել, իսկ հիմա ներկրում է: Սա է գյուղատնտեսության նախարարության քաղաքականությունը, ու նախարարը հայտարարում է, թե 100–120 օրում ի՞նչ պետք է աներ: 120 օրում ձմերուկ կարող ես աճեցնել, լոլիկ, եգիպտացորեն, վաղահաս կարտոֆիլ, բայց ասում է՝ ի՞նչ կարող էի անել: Ես դեռ անցած տարի էի ասում, որ Աստրախանի լոլիկն ու ձմերուկը կհայտնվեն հայկական շուկայում: Այս տարի 1100 տոննա Աստրախանի ձմերուկ է մտել Հայաստան: Ջերմոցներն օգոստոսին էլ լոլիկ ունեին: Այդ լոլիկը լցրեցին շուկա, այդպիսով շուկան խլեցին գյուղացու ձեռքից: Հասկանում եք, չէ,՞ ինչ եղավ: Դուք չե՞ք զարմանում, որ դաշտի ու ջերմոցի լոլիկը մի գին է»: Հրաչ Բերբերյանը ջրի խնդիրը ևս ներառում է վերոնշյալ հարցերի մեջ: «Այսօր ջրային կոմիտեն ղեկավարում է մեկը, ով ՀԷԿ–ացման հեղինակներից մեկն է (ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Ջրային կոմիտեի նոր ղեկավար Ինեսսա Գաբայանի հարազատները ներգրավված են հիդրոէներգետիկ բիզնեսում–խմբ.): Վերջերս էլ մամուլում տեղեկություն տարածվեց, որ իր տղան էլ է պատրաստվում ՀԷԿ կառուցել: Գեներալները, մարզպետները, օրենքով գողերը գյուղացու ջրի վրա ՀԷԿ–եր են բերել ու շարել, գյուղացու ջուրն են օգտագործում, հետո ասում են՝ ջրամբարները դատարկ են: Լկտիությունը չափ ու սահման ունի: Ժողովրդավարությունը բարդակ չի: Իսկ այս տարվա նման վատ երբեք չի եղել»,–նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կրկին գյուղնախարարությանը դիմելն անիմաստ են համարում: «Ո՞ւմ դիմեմ, մասնագետ չկա: Մի մասնագետ կա, էն էլ խեղճին չեն թողնում աշխատի: Տգետը կթողնի՞ խելոքն աշխատի, ի՞նչ եք կարծում: Չկա լոլիկի խնդիր, կա գյուղատնտեսության գլոբալ խնդիր: Պետք է երկիրն այս քաոսային վիճակից դուրս բերենք, դնենք ռելսերի վրա և առաջ տանենք: Երկու- երեք տարում կկայունացնենք վիճակը: Նույնը նաև անասնապահությանն է վերաբերում՝ երկու-երեք տարի հետո նոր կտեսնենք արյունքները»,- հավելեց մասնագետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։