ilur.am կայքում Մհեր Արշակյանը գրում է.

Ռոբերտ Քոչարյանի ջղաձգումներն ամենաանհասկանալի են, 10 տարի նախագահելու ընթացքում կողքին չունեցավ այնպիսի մեկին, որը նրան խորհուրդ կտար իշխանությունը արդար ընտրությունների ճանապարհով զիջել: Կարեւոր չէ, թե ում:

Այսքան հետեւողականորեն, կարելի է ասել՝ «մայրական» բծախնդրությամբ,  ոչ ոք չի խնամել հեղափոխությունը, որքան նա եւ Սերժ Սարգսյանը: Բոլոր առաջնորդները պետք է հասկանան, որ ժողովրդավարությունը արդար ընտրություններով հաղթելու մեջ չէ, այլ՝ զիջելու: Հենց ամեն գնով իշխանություն պահելն էլ ծնեց այս հեղափոխությունը եւ այն իրավիճակը, որում հայտնվել են նախկինները: 2008-ին նրանց պատասխանատվության մեկնարկային վիճակը այսքան սարսափելի չէր, չկար մարտի 1, թալանն աննախադեպ էր, բայց ոչ այն ծավալներով, որոնք արձանագրվեցին Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, իշխանության հանդեպ ժողովրդի ատելությունը նույնպես իր սահմաններն ուներ: Այն ժամանակ իշխանության փոփոխությունը տեղի էր ունենալու ընտրությունների եղանակով, որը գուցե նույնիսկ բարձրացներ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վարկանիշը: Ի վերջո, նախագահ Տեր-Պետրոսյանի մասնակցությունն ընտրություններին հուշում էր, որ իշխանության կորուստը ՀՀԿ-ի համար ցավոտ չի լինելու: Այսինքն, այդ կուսակցությունը իր այն ժամանակ գործող դեմքով կկարողանար մնալ քաղաքական ուժ: Այսօր այդպես չէ:

Այսօր ՀՀԿ-ն չի կարող ճիշտ ընկալվել նույնիսկ այն դեպքում, երբ ճիշտ է: Հեղափոխությունը սիրո եւ համերաշխության միջավայր ունի նաեւ այն պատճառով, որ ՀՀԿ-ն «իզգոյ» չդառնա, տարրալուծվի եւ սկսի խաղալ նոր կանոններով: Որպեսզի, ի վերջո, ծնվի նոր կուսակցություն: Ռոբերտ Քոչարյանն անձամբ է խանգարում դրան, մարդը կայքեր եւ հեռուստաընկերություն գնելով՝ ասում է, որ ոչ մի նախկինի թույլ չի տա վայելել նոր միջավայրի փրկչականությունը: Ես չգիտեմ, թե սրա քաղաքագիտական բացատրությունը որն է, քանի որ, ինչպես մի առիթով ասել է ՀՀ առաջին նախագահը, Քոչարյանը երբեք էլ քաղաքական գործիչ չի եղել: Այսօր տեղի է ունեցել մի ամբողջ հեղափոխություն, եւ ահա ամենաանհեթեթը՝ Ռոբերտ Քոչարյանն իրեն համարում է քաղաքական հալածյալ: Այսինքն, չի հասկանում, որ հեղափոխությունն իշխանափոխությունից տարբերվում է նրանով, որ երկրորդի ժամանակ դու գուցե քրեական լուրջ հոդվածների տակ չընկնեիր, որքան էլ թալանած լինեիր, հեղափոխությունը ուրիշ հայր ու մայր ունի, էստեղ քվեարկություն եւ սահմանադրական այլ «թիթիզություններ» չկան: Հեղափոխությունը չի նայում, թե դու ով ես եղել: Ինքն իր «սիրո եւ համերաշխության» մեջ մեծ մագիլներ ունի:

Ռոբերտ Քոչարյանն իրեն քաղաքական հալածյալ է համարում, որպեսզի տարանջատվի հեղափոխությունը ծնող պատճառների իր հեղինակային իրավունքից, կարճ ասած՝ չի ուզում ընդունել, որ իր պատճառով է նաեւ եղել հեղափոխությունը: Կամ էլ չի հաշտվում էդ մտքի հետ: Առաջին անգամ կյանքում այդ մարդու ջղաձգումները մարդկային են, գիտի՝ ինչու է ջղաձգվում, գիտի, որ դա դեմքի մկանների խաղ չէ: Ջղաձգվում է, որովհետեւ ինքն ու հեղափոխությունը միմյանց չեն հասկանում: Որովհետեւ ինքնապահպանման բնազդը դավաճանում է, ու ինքը չգիտի, թե էլ ինչ անի: Հենց սրան էլ ասում են ցուգցվանգ, այսինքն՝ ցանկացած քայլ տանում է դեպի պարտություն: Սակայն մեր իմացած շախմատից այս իրավիճակը տարբերվում է մի բանով՝ Ռոբերտ Քոչարյանն իր քայլերն անում է պարտությունն արձանագրելուց հետո: