ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանը մասնակից է Իրաքում, այդ թվում՝ Բասրայում անկարգություններին և նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը Թեհրանին «արագ և վճռական» կպատասխանի, եթե Իրաքում ԱՄՆ-ի քաղաքացիներ տուժեն։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած մամուլի հաղորդագրությունում։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում Իրաքում մենք ականատես եղանք մարդկանց կյանքին սպառնացող հարձակումների, ներառյալ՝ Բասրայում ԱՄՆ հյուպատոսարանի և Բաղդադում ԱՄՆ դեսպանատան դեմ։ Իրանը քայլեր չձեռնարկեց՝ Իրաքում իր դրածոներին կանգնեցնելու համար, որոնց նա ֆինանսական աջակցություն է ցուցաբերում, պատրաստում է և զենք է հատկացնում»,-ասվում է փաստաթղթում։

«Միացյալ նահանգները պատասխանատվության կենթարկեն Թեհրանի ռեժիմին ցանկացած հարձակման համար, որը կվնասի մեր անձնակազմին կամ ամերիկյան կառավարական ենթակառուցվածքին։ Ամերիկան արագ և վճռական կպատասխանի՝ հանուն ամերիկացիների կյանքի պաշտպանության»,-ընդգծվում է Սպիտակ տան հայտարարությունում։