1in.am գրում է. Հարվածները, որոնք ԱՄՆ-ն 2017-ին հասցրեց Սիրիայի Շայրաթ ավիաբազային (Հոմս նահանգում), նախազգուշացում էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին քիմիական զենք կիրառելու անթույլատրելիության մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, փոխանցում է The Hill-ը։ «Նա նախազգուշացվել է»,-2017-ին Սիրիային հասցրած հարվածի մասին խոսելով՝ ասել է Մեթիսը։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ սիրիական ՌՕՈՒ-ն կորցրեց ունեցած ինքնաթիռների 17 տոկոսը։ «Տեսնենք՝ արդյոք նա խելքի կգա՞»,-հավելել է Մեթիսը՝ Ասադին նկատի ունենալով։ Պաշտպանության նախարարը, սակայն, հրաժարվել է պատասխանել հարցին, թե ինչպիսին կլինի ԱՄՆ-ի պատասխանը, եթե Իդլիբում քիմիական զենք կիրառվի։ «Ես հստակ պատասխան չեմ տա»,-ասել է նա։