Head of 'Ohanyan-Raffi-Oskanian' Alliance's headquarters Armen Martirosyan and coordinator Hovsep Khurshudyan are guests in Hayatsk press club

«Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածու Հովսեփ Խուրշուդյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ծայրից ծայր լսեցի այսօրվա թէ՛ Նիկոլի լայվը, թե՛ ելույթը Դավիթաշենում եւ թե՛ ԱԱԾ-ի տնօրենի ու ՀՔԾ-ի պետի մամլո ասուլիսը: Այո, շատ կարեւոր գործ է արվում եւ մի անգամ չէ, որ ասել եմ, որ Ավգյան ախոռները անհնար է մաքրել ստերիլ ձեռնոցներով: Եւ այո՝ պետական հանցագործները եւ մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առջեւ:
Ասում է “թողեք մենք բոլոր կոռուպցիոներների հարցերը լուծենք, հետո դուք մեր հարցերը կլուծեք”: Ոչ միայն թողնում ենք, այլեւ՝ որպես հեղափոխական ուժ՝ շարունակում ենք աջակցել Կառավարությանը այդ բարդ գործում:
ԲԱՅՑ, միեւնույն է՝ Երեւանի քաղաքապետի կարեւորագույն քաղաքական պաշտոնում պետք է ընտրվի ո՛չ թե տաղանդավոր դերասան Հայկ Մարությանը, այլ փորձառու քաղաքական գործիչ եւ համերաշխության ու հանդուրժողականության առաջին հայացքից արեւմտյան քաղաքակրթական, սակայն իրականում՝ խորապես հայկական նորմերը մարմնավորող Րաֆֆի Հովհաննիսյանը: Դա՛ է պահանջում հե՛նց հեղափոխությունը հաղթական ավարտին հասցնելու հրամայականը, քանի որ դա՛ է պահանջում ներհասարակական սիրո եւ համերաշխության մթնոլորտի ապահովման անհրաժեշտությունը:
Այո, այսօր հասարակության եւ քաղաքական ուժերի մեջ կան սեւեր: Բայց ասել, որ մնացած բոլորը սպիտակ են եւ այդ բոլոր սպիտակները միայն իրենք եւ ու իրենց ընտրողները՝ դա ուղիղ ճանապարհ է ոչ թե դեպի ներհասարակական համերաշխություն, այլ հակառակը՝ ներհասարակական ֆռուստրացիա եւ բաժանարար գծեր: Իր երազած 70-80-90%-ը Երեւանի ավագանիում Նիկոլ Փաշինյանը չի՛ ստանալու: Իսկ եթե հանկարծ ստանա՝ դա կլինի հեղափոխության վերջի սկիզբը: Մինչդեռ անգամ սեւերին պետք է թեկուզ փոքր տեղ թողնել քաղաքական հարթակներում՝ նրանց լուսանցք մղելու փոխարեն: Էլ չեմ խոսում բոլոր մնացածի մասին, ովքեր գուցե հիացած չեն Նիկոլ Փաշինյանով, կամ, առավելեւս՝ Հայկ Մարությանով, բայց պետք է դառնան Նոր Հայաստանի շահառուն եւ ներդրողը բոլոր իմաստներով: Ժողովրդավարական համակարգերի ուժը եւ կայունությունը դրանց ճկունության եւ բազմակենտրոնության մեջ է: Սա տարրական դասագրքային ճշմարտությունը է: Իսկ միակուսակցական համակարգերը, որտեղ երկրի ղեկավարը շրջապատված է ոչ թե ուժեղ դաշնակիցներով, այլ թույլ կամակատարներով՝ ի վերջո արձանագրում են այլասերում եւ վախճան: Եւ պաշտոնից կառչած չլինելու եւ Հանրապետության հրապարակում կախաղան բարձրանալու մասին գեղեցիկ խոսքերը դա կանխելու որեւէ երաշխիք չեն կարող հանդիսանալ:
ՀԳ1. ինչ-որ ուժի/ուժերի հակահեղափոխության հետ խաղեր տալու մեղադրանք հնչեցնելուց ուժերի “որոնք ներկայանում են որպես հեղափոխության դաշնակից”, “որոնք ներկայանում են որպես իմ դաշնակից”, “որոնք ներկայանում են որպես կոալիցիոն գործընկերներ”, “որոնք ներկայանում են անգամ իմ ընկեր” անորոշ ձեւակերպումների փոխարեն ավելի ազնիվ կլիներ կոնկրետ ուժի/ուժերի անունները տալը: Այլապես տհաճ տպավորություն է ստեղծվում, որ դա պարզ նախընտրական մանիպուլյացիա է՝ սեփական հովանավորյալից բացի բոլոր մյուս ուժերի վրա ստվեր գցելու եւ այդ կերպ սեփական հովանավորյալի համար քաղաքապետի պաշտոնը ապահովելու համար:
ՀԳ2. Լավ է, որ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքին անդրադարձավ ժպտալու կարեւորությանը: Դա լիովին հարիր է Ժառանգության մոտեցմանը: Մենք վստահ ենք, որ նույնիսկ այսպիսի մեծ ռեսուրսներ ունեցող ռեվանշիստների առկայության պայմաններում հնարավոր է ժպիտով կերտել Նոր Հայաստանը: Բայց իր լարված եւ նյարդային ելույթի ֆոնին այդ կոչը մի տեսակ անհամոզիչ, աններդաշնակ եւ հատվածական հնչեց: Թեեւ ես նաեւ հասկանում եմ, որ վարչապետը չափազանց մեծ բեռ է վերցրել իր ուսերին: Շատ բարդ է տանել այդ բեռը գրեթե միայնակ: Բայց դա իր ընտրությունն է»։