Armtimes.com-ը գրում է.

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատեց, որ հեռախոսազանգն իսկապես եղել է. «Խոսակցությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի դատարանի հայտնի որոշումը կայացնելու օրը: Խոսակցությունը լսել եք, գիտեք՝ ինչի մասին է, չեմ մանրանա: Ուղղակի ուզում եմ ասել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջեւ կանգնած էին Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովը, պետք էր 100 տոկոս համոզված լինել, որ այդ գործում որեւէ թերացում եւ թերություն չկա: Նման քննարկում իմ եւ պարոն Խաչատրյանի միջեւ կայացել է: Եւ եղել է զուտ իրավաբանական քննարկում»,-ասաց Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հեռախոսազրույցի նախապատմությանը. «Նախ նախապատմությունն ասեմ. ստացել եմ մի հաղորդագրություն, փորձագիտական կարծիք, որտեղ եղել է հիմքերի հետ կապված որոշակի պարզաբանման խնդիր: Հաղորդագրությունն ուղարկել եմ պարոն Խաչատրյանին, եւ նա, որպես իրավաբան, տվել է բացատրություններ այդ հարցի շուրջ: Իրավական մասով պարոն Խաչատրյանն ավելի մանրակրկիտ կներկայացնի: Ես ուղղակի ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ այն, ինչ մենք անում ենք, այն պայքարը, որը սկսել ենք, դա շարունակելու ենք եւ մեզ չի խանգարելու ոչ մի բան: Որեւէ խոչընդոտ չի կարող լինել մեր գործում: Հայաստանից թալանված գումարները վերադարձվելու են հետ, մարդասպանները կանգնելու են դատարնի առջեւ, եւ այդ պրոցեսն անկասելի է»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: