«Ազատություն» ռ/կ-ը գրում է.

Ռոբերտ Քոչարյանի գործում քաղաքական կոմպոնենտ չկա, այսօր «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե Քոչարյանն ասում է, որ «2008-ին հենց Փաշինյանն է հանցանք գործել և հիմա անձնական վրեժ է լուծում»՝ վարչապետն ասաց. – «Ես կարծում եմ, որ այդ գործի մեջ որևէ քաղաքական կոմպոնենտ չկա, և եթե քաղաքական կոմպոնենտ լիներ, Քոչարյանը հենց այսօր ազատության մեջ չէր լինի, ինչը չի նշանակում, որ նա եթե վաղը լինի կալանքի տակ, նշանակում է, որ կա քաղաքական կոմպոնենտ։ Այն, ինչ որ տեղի է ունեցել 2008 թվականի մարտի 1-ին, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ։ Եվ այն փաստական հանգամանքները, որ կան, գոյություն ունեն, դրանց տիրապետում են վարչապետին կից օպերատիվ մարմինները, կարծում եմ, որ նոր լույս կսփռեն արդեն իսկ ակնհայտի վրա: Ես ասել եմ, որ ինքս ինձ համար անձնական խայտառակություն կհամարեմ, որ Հայաստանում մեր կառավարության օրոք քաղբանտարկյալներ հայտնվեն»։

Նշենք, որ Հայաստանի վարչապետը չհստակեցրեց՝ Ռոբերտ Քոչարյանի հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկե՞լ է, թե՞՝ ոչ։

«Մենք քննարկել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր։ Բոլոր հնարավոր հարցերը, որ կարելի էր քննարկել», -ասաց Փաշինյանը։

Ճշտող հարցին, թե Քոչարյանի հարցն էլ է քննարկվե՞լ, Փաշինյանը պատասխանեց․ – «Բոլոր հնարավոր հարցերը քննարկվել են»։