«Ազատություն» ռ/կ-ն գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց Նուբարաշեն թաղամասում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու հարակից տարածքում։

Կուսակցության մոտ 200 թեկնածու ունեցող ցուցակը գլխավորում է Ազգային ժողողի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Մարդ, որը, կին լինելով, ավելի շատ տղամարդ է, քան պաշտոնյա տղամարդիկ, որ իրենց տղամարդ են կոչում: Նառան դարձել է մեր Ֆիգարոն․․․ աղբի մեքենայի վրա, դագաղների խանութում, տրանսպորտում, հեծանիվով Հրազդանի ձորում: Նաիրա, վպեյո՛դ», – հավաքվածներին ներկայացնելով իրենց թեկնածուին՝ ասաց ԲՀԿ անդամ Գեղամ Մելիքսեթյանը:

Քաղաքապետի թեկնածուն ընտրողներին խոստացավ ընտրվելու դեպքում լուծել Երևանի խնդիրները՝ աղբավայրից մինչև երկրորդական փողոցների ասֆալտապատում։

Զոհրաբյանն ընդգծեց, որ անկաշառ է լինելու․ – «Երևանից այլևս որևէ մեկը որևէ լումա չի գողանալու, վստահ եղեք: Հարյուր անգամ ավելի պինդ ու ուժեղ եմ լինելու ուժային բոլոր կառույցներից՝ ոստիկանությունից, ազգային անվտանգությունից: Երևանում ազգային անվտանգություն էլ պետք չի լինելու, ուժային էլ պետք չի լինելու, որովհետև քաղաքապետը եթե անկաշառ է, եթե քաղաքապետին հնարավոր չէ կաշառել, ուրեմն իմացեք՝ մնացած ներքև որևէ մեկը անգամ չի համարձակվի որևէ լումա վերցնել»:

ԲՀԿ քարոզարշավի առաջին հանրահավաքին մասնակցում էր նաև Գագիկ Ծառուկյանը:

Հանրահավաքը վարող Գեղամ Մելիքսեթյանը Ծառուկյանին բնորոշելով որպես Կեսար՝ շեշտեց, թե հենց նա է որոշել, որ կուսակցության թեկնածուն կին լինի:

Խոսքը տալով կուսակցության առաջնորին՝ Մելիքսեթյանն ասաց․ – «Մեր մեջքում, մեր թիկունքին մեր Կեսարն է, առջևում մեր հաղթանակներն են: Մեր Կեսարը, մեր ուժը, մեր սերը, մեր գաղափարները՝ Գագիկ Ծառուկյան»:

«Անկախ ամեն ինչից, ում կընտրեք՝ մենք շնորհավորելու ենք: Մենք ոչ թե նեղանալու ենք, որովհետև սա անձնական հարց չի, սա ժողովրդի ապագայի խնդիրն է», – ասաց Ծառուկյանը:

Նա ասաց, որ ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը քննարկել են աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած 38 քաղաքապետերի հետ, և իրենց մոտեցումներն ու առաջարկները հավանության են արժանացել․ – «Մենք գործի մարդ ենք: Եթե մեզ վստահեցին, ուրեմն իմացեք՝ անմիջապես, հենց երկրորդ օրը այդ ծրագրերը սկսելու են գործել: Կապ չունի՝ բյուջեում գումար կա, գումարը արդեն ծախսել են․․․ այլ համապատասխան ես կդնեմ այդ գումարները մինչև մյուս տարի, որ էդ խնդիրները կարգավորվի, ժողովուրդը զգա, որ անհնարին բան չկա, ամեն ինչ հնարավոր է»:

Անցած շաբաթ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներից մեկը հայտարարել էր, թե ահազանգեր է ստացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների կողմից ընտրություններից առաջ ընտրակաշառք առաջարկելու, ինչպես նաև մարդկանց աշխատանքի ընդունելու խոստումների մասին։ Ոստիկանությունն այժմ ուսումնասիրում է ստացած տեղեկությունները։

Կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, մինչդեռ, հերքեց իրենց կուսակցության հասցեին հնչող մեղադրանքները․ – «Եթե մենք պետք է փող բաժանենք, որ երևանցին մեզ ձայն տա, էլ մեզնից ի՞նչ կարա պահանջի: Դա ցեխ են շպրտում, դա շանտաժ ա: Եթե որևիցե մեկին կբռնեն փող բաժանելուց, թող ամենախստագույն պատժի ենթարկեն»:

Խոսքը դեռ չէր ավարտել, նրան մոտեցան քաղաքացիներ և օգնություն խնդրեցին։

«Հիմա ես ցանկացած քայլ կատարեմ, դա գործ են հարուցելու․․․ Ուզում եք Ծառուկյանին կալանավորե՞ն, ձեր ցավը տանեմ», – ֆինանսական օգնության խնդրանքներին արձագանքեց ԲՀԿ առաջնորդը: