Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի, այսօր երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք: Պաշտոնական ընթրիքից հետո Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն շրջայց են կատարել Երևանի կոնյակի գործարանի Արարատ թանգարանում, որտեղ ծանոթացել են հայկական Արարատ կոնյակի պատմությանը և արտադրական գործընթացին: Վարչապետներին նաև ներկայացվել է «Խաղաղության տակառը», որում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994 թ. կոնյակի սպիրտ. այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն իրենց ստորագրությունն են թողել գործարանի հուշագրքում և մասնակցել անվանական տակառների հիմնադրման արարողությանը, որոնք հնեցման են դրվել ի պատիվ Հայաստանի և Վրաստանի վարչապետների այցի: Երեկոյան ավարտվել է Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան։ Մամուկա Բախտաձեին և Վրաստանի պատվիրակությանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ճանապարհել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։