Գիտեմ, թե որքանով է իմ տեսակետն անընդունելի շատերի համար, բայց պիտի կրկնեմ՝ Շանթ Հարությունյանը կատարել է քրեորեն պատժելի արարք, որի համար պետք է տուգանվեր, ասենք, 100 հազար դրամով, ոչ թե ազատազրկվեր 6 տարով: Նման անհամաչափ պատժի մեջ իսկապես կա քաղաքական հալածանքի տարր, որը, իմ կարծիքով, պայմանավորված է, այսպես ասենք, Հյուսիսից փչող քամիներով: Ես դա գրել եմ մոտ 5 տարի առաջ՝ փայտերով եւ ճայթուկներով ակցիայի ու իրավապահների հետ բախման օրը, բազմիցս կրկնել եմ նաեւ հետագայում: Արդարությունը պարտադիր պետք է վերականգնվի՝ դատարանի թույլ տված սխալը, որն անշուշտ պայմանավորված էր «վերեւների» ճնշմամբ, պետք է ուղղվի: Բայց ինչպե՞ս: Դատական սխալը կարող է ուղղվել միայն դատարանի որոշմամբ: Այս առումով վարչապետն իրավացի է՝ Հարությունյանի փաստաբանները կարող են դիմել ազգային եւ միջազգային դատական ատյաններին՝ արդարությունը վերականգնելու պահանջով: Գործադիր իշխանության ղեկավարը չպիտի հրահանգի դատավորներին, թե ինչ որոշում նրանք ընդունեն՝ հակառակ դեպքում շարունակվելու է հեղափոխությունից առաջ ընդունված պրակտիկան: Սրանք են կանոնները, որոնք անձամբ ինձ համար ընդունելի են: Բայց կան մարդիկ, որոնք չեն ուզում խաղալ կանոններով, եւ եթե դա անում են ի վնաս իրենց, զոհաբերելով սեփական հարմարավետությունը, դա հարգանքի է արժանի: Նման մարդկանց ելույթները կարող են լինել երկար եւ խճճված, մտքերը՝ «չսանրված», քննադատական փաստարկները՝ մշուշոտ: Բայց նորմայից նման շեղումները, երբ դրանք թելադրված են ազնիվ մղումներով, ի վերջո, նպաստում են նորմայի հաստատմանը: Այդ միտքը միայն առաջին հայացքից է հակասական թվում. իրականում, եթե ծայրահեղ նոնկոֆորմիզմի մեջ չկա կեղծիք, չկա երեսպաշտություն ու թաքուն հաշվարկ, ապա այն մի կողմից՝ սթափեցնում է, դարձնում մեզ ավելի զգոն, մյուս կողմից՝ ընդլայնում է մեր մտահորիզոնը: Իսկ չէ՞ որ «նորմը» մեր հասարակության համար պետք է լինի լայնախոհությունը, անսովոր մտքերի եւ երեւույթների «մարսումը»: Այստեղ եմ ես տեսնում Շանթ Հարությունյանի առաքելությունը: «Դասական» քաղաքականության մեջ, առավել եւս՝ պետական համակարգում, նման մարդիկ գործառույթներ չունեն: Բայց նրանց առաքելությունը թերեւս ավելի բարձր է՝ իրենց հախուռն մտքերով դիմել մեր ոչ թե բանականությանը, այլ խղճին, ստիպել մտածել ընդունված կաղապարներից դուրս: Թե որքանով է դա մեզ մոտ ստացվում՝ այլ հարց է: Հուսամ՝ Շանթը մոտ ժամանակներս այս կամ այն կերպ դուրս կգա եւ իր՝ յուրահատուկ ձեւով կնպաստի մեր առաջընթացին: