«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս ՀՀ վարչական դատարան է դիմել սեպտեմբերի 5-ին եւ պահանջում է անվավեր ճանաչել էթիկայի հանձնաժողովի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի որոշումն ու օգոստոսի 13-ի գրությունները: Ասել է թե` Սերժ Սարգսյանի նախկին թիկնազորի պետը էթիկայի հանձնաժողովի գործողությունների եւ կայացրած որոշումների հետ համամիտ չէ եւ դիմել է դատարան: Այս գործը քննելու է դատավոր Գեւորգ Սոսյանը: Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է հունիսի 25-ին՝ ապօրինի հարստանալու մեղադրանքով: Ավելի ուշ գրավի դիմաց նրան ազատ արձակեցին: Այդ գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Ղազարյանի տիկնոջը՝ Ռ. Բեգլարյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: