Tert.am գրում է.

Երևանի ավագանու ընտրություններն ի տարբերություն խորհրդարանականի, ավելի շատ անձնավորված ընտրություններ են, քան քաղաքական։

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ պատգամավոր Սուրեն Մանուկյանը:

«Եթե ես լինեի ոչ կուսակցական  անդամ՝ կնախընտրեի այնպիսի թեկնածուի ընտրել, ով արժանի է, ով լավ կաշխատի Երևան քաղաքի համար, լավ քաղաքապետ լինելու համար, ոչ թե քաղաքական առումով տվյալ կուսակցության նախագահն ով է, որովհետև ես չեմ ընտրում  տվյալ կուսակցության  նախագահին կամ թիմին, ես ընտրում եմ ընդամենը Երևանի ավագանի, որը պետք է ընտրի քաղաքապետ»,- ասաց Մանուկյանը:

Նա նշեց, որ «Դաշնակցության» Երևանի քաղաքապետի թեկնածուն՝ Միքայել Մանուկյանը, շահեկանորեն տարբերվում է մյուս թեկնածուներից, նա հայրենասեր է և մեծ կենսագրական ու աշխատանքային փորձ ունի:

«Նա Ղարաբաղյան պատերազմին առաջին իսկ օրվանից մասնակցել է հայրենիքի պաշտպանությանը, դրանից հետո բազմաթիվ քաղաքական հալածանքների է ենթարկվել, ոչ մի անգամ չի կոտրվել, հայրենասիրությունն իր մեջ շատ բարձր է, և աշխատանքային մեծ փորձ ունի, մեծ աշխատասիրություն»,- թվարկեց նա:

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի հետ ՀՅԴ-ի հնարավոր  համագործակցությունը հնարավո՞ր է դեր ունենա ՀՅԴ-ին ընտրելու որոշման վրա, Սուրեն Մանուկյանը նշեց, որ ինքը կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մասին տեղյակ չէ:

«Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, բայց  փաստերով խոսենք՝ եթե այս պահին համագործակցության հարց օրակարգում չկա՝ ճիշտ չի լինի մեկնաբանել՝ հետագայի եթե-ներով շարժվելով»,- ասաց նա և նշեց, որ ՀՅԴ-ում ԳՄ-ն է քաղաքական որոշումներ կայացնում, և եթե լինի, ապա առաջիններից մեկը հենց մամուլը կիմանա:

Իսկ թե ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ առանց իշխող ուժին քննադատության են մյուս ուժերը քարոզարշավ իրականացնում, և, ըստ էության, ընդդիմության տեղը թափուր է,  ՀՅԴ պատգամավորը նշեց, որ քանի որ իշխանությունը նոր է ձևավորվել, պետք է հնարավորություն տալ, որ իրենք կարողանան աշխատել:

«Դրանով է պայմանավորված, որ այսօր քննադատություն չկա, այս պահին թողնում եմ՝ իրենց աշխատանքով ցույց տան արդյունավետությունը, նոր դրանից հետո կարժանանան նաև քննադատությունների: 100 օրը քիչ ժամկետ է, որ քննադատության ենթարկես: Համենայն դեպս, մարդկանց մեջ այդ հույսը կա, որ վաղն իրենք լավ են ապրելու, երբ որ հույսը կմարի, այդ ժամանակ կարձագանքեն թե՛ թանկացումներին, թե՛ մյուս խնդիրներին»,- ասաց նա: