Armtimes.com գրում է. «Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Արա Մինասյանը դատական կարգով բողոքարկում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանը՝ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ: Մինասյանը պահանջում է անվավեր ճանաչել այդ հրամանը եւ իրեն վերականգնել նախկին աշխատանքում: «Խնդիրն այն է, որ աշխատանքից ազատման որեւէ հիմք գոյություն չի ունեցել, եւ հրամանում էլ աշխատանքից ազատման որեւէ հիմք վկայակոչված չէ: Այսինքն՝ երբ որ «Աշխատանքային օրենսգիրքը» նայում ենք, թե երբ կարող է աշխատողն ազատվել աշխատանքից, այդ հիմքերից որեւէ մեկը առկա չէ ու հրամանում էլ վկայակոչված չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է աշխատանքից ազատվելու մասին սահմանված ժամկետներում նախապես չտեղեկացնելուն, Վահագն Գրիգորյանը նշեց, որ դա չի բողոքարկվում: «Ծանուցման ժամկետները խախտելը իրավունք չի տալիս աշխատողին վերականգնվել: Ընդամենը նախատեսում է ֆինանսական փոխհատուցում՝ տուժանք: Որեւէ ֆինանսական պահանջ չի դրվել»,- մանրամասնեց նա:

Արա Մինասյանն ավելի վաղ մեկ այլ հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պահանջելով ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Առողջապահության նախարարությունը մինչ այդ հայտարարել էր, որ նշված բուժհաստատությունում իրականացվող ուսումնասիրությունների միջանկյալ արդյունքների համաձայն, 2016-2018 թթ. ընթացքում բնակչությանը պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության մասով պետական բյուջեին հասցվել է շուրջ 545 միլիոն դրամի վնաս: Համապատասխան նյութերն ուղարկվել էին իրավապահ մարմիններին:

«Մարդիկ, որոնք մասնակցել են կեղծիքին, հիմա ցույց են անում: Ո՞նց չասես: Սա կազմակերպված հանցավորություն է, ու այդ կազմակերպած բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը հանկարծ չզրկվի աթոռից: Ճի՞շտ եմ հասկանում: Երեւի ճիշտ եմ հասկանում: Ինչ վերաբերում է քրեական գործին եւ իրավական հետեւանքներին. 99 տոկոս վստահ եմ, որ այստեղ կան քրեական տարրեր, որովհետեւ այդ գումարները փաստացի շորթվել են պետությունից»,- նաեւ ասել էր նախարարը»։