Armlur.am գրել է. «ՀՀ պետական բյուջեով եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրով Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին սնունդ է տրվում: Ուսուցիչները եւ աշակերտների ծնողները գոհ են այդ ծրագրից, քանի որ երեխաներին բավականաչափ քանակով եւ որակյալ սնունդ է տրվում: Այդ սնունդը դպրոցներն են գնում ծրագրով հատկացված ֆինանսական միջոցներով: Սակայն խնդիր է մնում սնունդ պատրաստող աշխատողների վարձատրության չափը: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը հայտնեց, որ այդ աշխատողների համար նախատեսված վարձատրության գումարը չնչին է, մարդիկ չեն ցանկանում սնունդ պատրաստել: Մ. Սիրադեղյանը խնդիրն առաջադրեց օգոստոսի 27-ին` Իջեւանում կայացած ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ` այն ներկայացնելով կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին»։