ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սեպտեմբերի 4-տից 6-ը Կրինիցայի (Լեհաստան) տնտեսական ֆորումի աշխատանքներին էի մասնակցում։ Բացի դա Նովի Սոնչում ելույթ ունեցա ուսանողության (այսպես կոչված երիտասարդ առաջնորդների) առջև։ Այս տարի Կրինիցա էին եկել շուրջ 5000 տնտեսագետներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, վարչապետներ ու նախագահներ։ Այս պահի դրությամբ սա աշխարհի խոշորագույն տնտեսական ֆորումներից մեկն է։ Հիմնական թեման մետաքսի ճանապարհն է։ Սա փաստորեն դարձել է եվրասիա մայրցամաքի գլոբալ ծրագիր։ Բոլորն են ուզում մասնակցել։ Թուրքիան կառուցում է Արևելք-Արևմուտք մագիստրալը, Ստամբուլի օդանավակայանը կաշխատի HUB-ի տարբերակով հոկտեմբերի 1-ից (200 մլն ուղևորաշրջանառությամբ), նմանատիպ մի HUB էլ լեհերն են կառուցում, վրացիք ներկայացնում էին Թբիլիսիի նոր օդանավակայանը, որը կառուցելուց հետո էլ ավելի կիջնի Զվարթնոցի դերը։ Ադրբեջանը հպարտանում էր Բաքվից Իրան երկաթգծով ու դեպի Աստարա ճանապարհով (գազամուղն ու նավթամուղը մի կողմ)։ Ղազախստանը առաջարկում էր մայրցամաքի ֆինանսական կենտրոն դարձնել Աստանան։ Բա ոն՞ց, մարդիկ բիզնես են գեներացնում։ Վրաստանից, օրինակ, մի 25 հոգի կլինեին։ Լավ, սա էլ հո գազ ու նավթ չի, որ մեզ շրջանցեն։ Մեր պետական այրերից մարդ՝ չիք։