1in.am գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել փոքր ՀԷԿ-երի շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԷՑ առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքներն ուսումնասիրելու, հնարավոր խախտումները հայտնաբերելու և այդ կապակցությամբ անհրաժեշտ՝ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

Աշխատանքային խմբի ղեկավարը մեկամսյա ժամկետում կատարված ուսումնասիրությունների և ձեռնարկված միջոցների արդյունքներով վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի առաջարկություն։

Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանի խոսքով՝ փոքր ՀԷԿ-երի ոլորտում խնդիրներ կարող են ի հայտ գալ միայն բնապահպանական չափանիշների հետ կապված, որոնք, բնականաբար, պետք է վերացվեն. «Կան ՀԷԿ-եր, որոնք կառուցվել են, բայց բնապահպանական խնդիրներ, թերություններ ունեն, որոնք պետք է վերացվեն։ ՀԷԿ-երի կողմից բնապահպանական նորմերի խախտում նշանակում է խնդիրներ՝ կապված սանիտարական թողքերի, գետերի ջրերի քանակի հետ։ Կարծում եմ, որ նորաստեղծ հանձնաժողովը պետք է որ ուսումնասիրի այս խնդիրները, և այն գետերը, որոնք չորանում են և ենթակա են ուսումնասիրության, պետք է ուսումնասիրվեն, որից հետո ոլորտը կկանոնակարգվի։ Թերությունները միանշանակ պետք է վերացվեն»,- ասաց Նահապետյանը։

Մեր դիտարկմանը՝ խնդիրները ՀԷԿ-երի հետ կապված միայն բնապահպանակա՞ն են, քանի որ հանձնաժողովի գործառույթն է ուսումնասիրել ՀԷԿ-երի շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԷՑ առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունները, հնարավոր խախտումները, Նահապետյանը արձագանքեց. «Այլ խնդիրներ փոքր ՀԷԿ-ը չի կարող ունենալ։ ՀԷԿ-ը ընդհանրապես ջուրօգտագործող չէ։ ՀԷԿ-ը ջրի որակի փոփոխություն անող չի։ Ջրօգտագործող կազմակերպության կողմից հատկացված ջրի քանակը պարզապես անցնում է ՀԷԿ-ի միջոցով, ՀԷԿ-ն այն օգտագործում և տալիս է էլեկտրաէներգիա։ Դրա համար մենք չենք կարող ասել ՀԷԿ-երը ջրաքանակի փոփոխություն կամ որակական փոփոխություն են առաջացրել։ Մնացած մասով, կրկնում եմ, ոչ մի խնդիր չի կարող առաջանալ։ Այս ոլորտը շատ կանոնակարգված է։ Կան խախտումներ միայն բնապահպանական նորմերի հետ կապված»։

Փոքր ՀԷԿ-երի միության նախագահը չի կարծում, որ նոր ՀԷԿ-երի կառուցումը կամ դրանց թիվն առհասարակ պետք է սահմանափակել, ինչպես պնդում են բնապահպանները, քանի որ ՀԷԿ-երը միակ մատչելի էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններն են. «Մենք չենք կարող ՀԷԿ-երը փակել կամ սահմանափակել դրանց թիվը։ Եթե նման բան արվի, ապա մենք չենք ունենա էժան էլեկտրաէներգիա։ Իսկ մենք հիմա տեղական ռեսուրսով արտադրում ենք էլեկտրաէներգիա։ Իհարկե, ՀԷԿ-եր կան, որ պետք է վերազինվեն, վերափոխվեն, կանոնակարգվեն, հիդրոտուրբինը փոխվի, որը կբարձրացնի ՀԷԿ-ի ՕԳԳ-ն, բայց ինչ վերաբերում է փակելուն կամ թիվը սահմանափակելուն, ես դա չեմ պատկերացնում»,- ասաց Նահապետյանը։

Նշենք, սակայն, որ կառավարությունն օգոստոսի 23-ի նիստում հավանություն տվեց «Ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը լրջորեն խստացնելու է ՀԷԿ-երի շահագործման կանոնները, սահմանվում են այն գետերի ցանկը, որտեղ արգելվելու է փոքր ՀԷԿ-երի կառուցումը:

Նաիրա Նահապետյանը պնդեց, որ վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային հանձնաժողովը, բացի բնապահպանական նորմերի խախտումներից, այս ոլորտում այլ խնդիրներ չի հայտնաբերի։ ՀԷԿ-երի շահագործման հետ կապված կոռուպցիոն ռիսկեր ևս չկան, քանի որ, մեր զրուցակցի խոսքով, ՀԷԿ-ը յոթ-ութ հաշվիչներով միացված է ցանցին, մեկը մյուսին ստուգում է։

Նշենք, որ ներկայումս Հայաստանում կա 185 գործող ՀԷԿ, ևս մոտ 33 կառուցվող, լիցենզավորվող կայաններ, դրանց մեծ մասը գերմանական KWF բանկի վարկային ծրագրով են կառուցվել»։