Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ամուլսարի հանքավայրում երկրաբանական, հիդրոերկրաբանական և ջրերի վրա հանքավայրի շահագործման հնարավոր ազդեցության ուսումնասիրություն իրականացնելու հարցում:  Սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար  Էրիկ Գրիգորյանը: «Այս պահին մենք մեր միջոցներով ենք անում սա: Նրանք պետք է գան, գնահատեն և տան գնային առաջարկ, որից հետո կառավարությունը ինքը որոշակի միջոցներ կտրամադրի գործընթացի համար, որպեսզի վերջիվերջո պետությունն ունենա որոշակի պատասխաններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Գրիգորյանը հավելեց, որ Ամուլսարի ծրագրի՝շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը իրականացվել է բազմաթիվ ինստիտուտների կողմից, ծախսվել են հսկայական գումարներ, բայց եզրակացությունը տվել է մեկ փորձագետ: «Ընդհանրապես փորձագիտական եզրակացություն տրամադրող այդ ՊՈԱԿ-ն ունի 5-6 փորձագետ, և մենք հեռու ենք այն մտքից, որ այդ փորձագետներն ունեն բավարար գիտելիքներ այդ բազմաբնույթ ուսումնասիրությունները  որակական և բովանդակային առումով գնահատելու»,- ասաց նա:

Նա հայտնեց, որ այս պահին կառավարությունում շրջանառության մեջ է  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» օրենքի նախագիծ, որտեղ սահմանել են, որ  մեծածավալ ծրագրերի իրականացման ժամանակ պետությունը կարող է ներդրողների ֆինանսներով ներգրավել միջազգային կազմակերպությունների, տեղական կազմակերպությունների, անհատների,  որպեսզի պետության համար իրականացնեն գնահատում:

Նախարարը նշեց, որ միջազգային այդ կազմակերպության այդ աշխատանքներին զուգահեռ կշարունակվեն նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, իր հրամանով ձևավորված աշխատանքային խմբի ուսումնասիրությունները: Նա ընդգծեց, որ իրականացվող և իրականացվելիք աշխատանքների արդյունքների մասին կտեղեկացնեն հանրությանը և կառավարությանը: Էրիկ Գրիգորյանը հավելեց, որ այս պահին համակողմանի հետազոտությունների բացակայությունը կառավարությանը հնարավորություն չեն տալիս որոշել, թե հնարավոր ռիսկերը որքանով են կառավարելի կամ որքանով կառավարելի չեն: