Մարտիմեկյան սպանդի զոհերի իրավահաջորդները վճռաբեկ բողոք են ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել վերաքննիչ դատարանի մինչ այդ կայացրած որոշումն ու կալանավորել Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին:

Վճռաբեկ բողոքը ներկայացրել է զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը: ilur.am-ի հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ դժվար է պատկերացնել որեւէ անաչառ դատավոր կամ դատարան, որ տուժողների իրավահաջորդների կողմից ներկայացված փաստարկների քննության արդյունքում գա այլ եզրահանգման, քան վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բեկանելը եւ իր պատճառաբանություններով այդ ապօրինի որոշման հիմքում ընկած պատճառաբանությունները ի բնե մերժելը:

«Վերաքննիչ դատարանի նշված որոշումը ոչ միայն վտանգավոր է Հայաստանի սահմանադրական կարգի պաշտպանության պետության պոզիտիվ գործառույթի անխոչընդոտ իրականացման, այլ նաեւ Հայաստանում կյանքի իրավունքի ընթացակարգային պաշտպանության համար: Որեւէ  քաղաքակիրթ ազգ նման նոմինալիստական մոտեցում եւ իրավունքի լեգալիստական մեկնաբանություն հանդուրժել չի կարող»,- նշեց Գրիգորյանը: