Հայաստանի Հանրապետությունում որեւէ աշխատավարձով չես կարող գնել նման շքեղ առանձնատուն: «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց Վալերի Օսիպյանը, երբ հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հնրավոր է ոստիկանապետի աշխատավորձով գնել շքեղ առանձնատուն, ինչպիսին Վլադիմիր Գասպարյանինն է:

«Թե ի՞նչ ճանապարհով է այն գնվել կամ կառուցվել, այդ հարցով կխնդրեմ դիմեք իրեն՝ կառուցողին կամ սեփականատիրոջը»,- ասաց Օսիպյանը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ օրենքի առջեւ բոլորն են պատասխանատվություն կրելու եւ ինքն այդ հարցում հետեւողական է լինելու: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Վլադիմիր Գասպարյանի 3 մլն դոլարանոց առանձնատանը վերաբերող հոդվածի հիման վրա գործ է հարուցել:

«Hetq.am» լրատվական կայքում հրապարակված «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու եւ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ: