Armtimes.com-ը գրում է․

Կառավարությունն առաջարկում է նախընտրական շրջանում բացառել ցանկացած տեսակի բարեգործություն, քանի որ այն կարող է ազդել ընտրողների վարքի վրա։

Այս մասին սեպտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ ներկայացնելով համապատասխան օրինագծերի փաթեթը:

Նրա խոսքով, առաջարկվում է ընտրախախտումների համար տուգանքների չափը բարձրացնել, որոնք կկազմեն 100 հազար դրամից ոչ պակաս: Փոխնախարարն ընդգծեց, որ կառավարությունը որոշել է նախընտրական քարոզարշավների ժամանակ ընտրողների վրա ներգործությունը նվազագույնի հասցնել եւ հետագայում թույլ չտալ: Օրենսդրական փաթեթը հենց այս նպատակի իրականացմանն է ուղղված: «Մենք իսկապես պետք է հասնենք նրան, որ քաղաքացիները կարողանան ընտրել ազատ եւ հեշտ»,- ասաց փոխնախարարը:

Նա ավելի պարզ ձեւակերպեց միտքը՝ նշելով, որ առաջարկվում է նախընտրական քարոզարշավի ժամանակ արգելել ցանկացած բարեգործական գործունեություն:

Դրանից բացի, առաջարկվում է պատժել ոչ միայն ընտրողին կաշառելու համար, այլեւ կաշառքի խոստում տալու: Նման առաջարկների համար նախատեսվում է պատժել 100 հազարից մինչեւ 400 հազար դրամ տուգանքով կամ մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկմամբ: Ընդ որում՝ առաջարկվում է կաշառք համարել ոչ միայն փող տալը, այլեւ այլ նյութական բարիքներ, այդ թվում՝ սննդամթերք տալը:

Նշենք, որ օրենսդրական փաթեթը հարուցել էր Հանրապետական եւ «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների քննադատությունը:

Մինչ այդ կառավարությունը քրեականացրել էր կաշառք տալու եւ վերցնելու համար պատասխանատվությունը։