Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը չի բացառում, որ 2008 թվականի մարտի 1-ի գործում կան ընդգրկված ոստիկաններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Օսիպյանն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանների ներգրավվածության հարցին: «Ընդգրկված են եղել տարբեր ստորաբաժանումներ, բայց դա չի նշանակում, որ բոլորը ենթակա են պատասխանատվության, կամ առհասարակ ենթակա են պատասխանատվության: Ինքնին փաստաթուղթ կեղծելը քրեորեն պատժելի արարք է, թե ով է արել՝ չեմ կարող ասել, արդյոք հնարավոր է անել…եկեք ոչ մի բան չբացառենք, եթե այդպիսիները կան, թող պատասխանատվության ենթարկվեն»,- նշեց Օսիպյանը: Միաժամանակ, ոստիկանապետը վստահեցրեց, որ մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների մոտ զենք-զինամթերք չի տեղել: «Բայց փայտեր և այլն բոլորս էլ տեսել ենք: Այս հարցերն ուղղեք այն մարդկանց, ովքեր այդ օրերին եղել են վերադաս»,- ասաց Օսիպյանը՝ նշելով, որ մարտի 1-ի գործով ցուցմունք տալու չի հրավիրվել: Ոստիկանապետն ընդգծեց նաև, որ բացառում է Հայաստանում հանրահավաքների ժամանակ զոհեր լինեն: