Armtimes.com գրում է. «

ՀՀ սփյուռքի նախարարության հաշվեկշռում գտնվող «Հայրենիք-Սփյուռք» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը հայտնվել է կոռուպցիոն աղմուկի կենտրոնում:

Այս տարվա օգոստոսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց եւ տեղեկացրեց, որ կառույցի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նշյալ ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ։

Բանն այն է, որ այս ՊՈԱԿ-ի կողմից 2015 թվականի ընթացքում պետական բյուջեով հատկացված դրամաշնորհի շրջանակներում հայտարարվել է մրցույթ՝ ծառայությունների գնման նպատակով: Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել երեք ընկերություն, որոնցից մեկը ներկայացրել է 21 մլն 244 հազար ՀՀ դրամով ցածր գնային առաջարկ, քան՝ մյուս ընկերությունները, ինչը մերժվել է։ Փոխարենը՝ ծառայությունների մատուցման պայմանագրերը կնքվել են մյուս երկու ընկերությունների հետ՝ պետությանը պատճառելով էական վնաս:

Վերոնշյալից զատ 2015-2018 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ը որոշ լրատվամիջոցների հետ կնքել է պայմանագրեր՝ վճարովի հեռուստաեթեր, հոդվածներ եւ այլ հրապարակումներ պատվիրելու նպատակով: Խոսքը, մասնավորապես, «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների եւ տեսահոլովակների պատրաստում, հեռարձակում, ձեռք բերում եւ բազմացում» եւ «Արի տուն» դրամաշնորհային ծրագրերի մասին է:

«Հայկական ժամանակ»-ը գրավոր հարցման միջոցով սփյուռի նախարարությունից ձեռք է բերել այն լրատվամիջոցների ցանկը եւ նրանց տրամադրված գումարի չափը, որոնք վճարովի ծառայություններ են մատուցել գերատեսչությանը: Լրատվամիջոցների ընդհանուր թիվը 10-ն է:

Այսպիսով՝ 2016 եւ 2017 թվականին սփյուռքի նախարարության բյուջեից յուրաքանչյուր տարվա համար «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տրամադրվել է 6 մլն դրամ, իսկ 2018 թվականի համար՝ 2 մլն 7 հարյուր հազար դրամ: Ընդհանուր առմամբ՝ 3 տարվա համար այդ գումարը կազմել է 8 մլն 7 հարյուր հազար դրամ: «Արմնյուզ» հեռուստաընկերությունը «ՊանԱրմենիան» մեդիա հոլդինգի մաս է կազմում, որի սեփականատերերից է Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի փեսան:

Այս երեք տարիների ընթացքում 3 մլն 6 հարյուր հազար դրամ տրվել է «Գոլոս» ՍՊԸ-ին, որը իրականացնում է golosarmenii.am ռուսալեզու կայքի աշխատանքները: Նույն ժամանակահատվածում 1 մլն 200 հազար դրամ է փոխանցվել «Tert.am» էլեկտրոնային կայքին: Այս լրատվամիջոցը եւս «ՊանԱրմենիան» հոլդինգի խմբի լրատվամիջոց է: 1 մլն 840 հազար դրամ է տրամադրվել «Առավոտ» օրաթերթին: Միայն 2016 թվականին կես միլիոն դրամ է ստացել «Ասեկոսե» ՍՊԸ-ն:

Սփյուռքի նախարարության բարեգործությունից օգտվել է նաեւ «Ավանգարդ-Տաթև» ՍՊԸ-ն, որն իրականացնում է «Ավանգարդ» թերթի էկեկտրոնային եւ տպագիր տարբերակների թողարկումները: Այս լրատվամիջոցին բաժին է հասել 1 մլն 500 հազար դրամ: 1 մլն 300 հազար տրվել է «Հանրային» ռադիոյին, 750 հազար` «Մարինե Դումանյան» ԱՁ-ին եւ 1 մլն 100 հազար՝ «Յոր իմիջ» ՍՊԸ-ին:

Ի դեպ, «Յոր իմիջ» ՍՊԸ-ն պետռեգիստրի կայքում գրանցված է Արմենիկա Գեւորգի Կիվիրյան ՀՀ քաղաքացու անունով: Նույն քաղաքացու անունով է գրանցված նաեւ «Նյուզ ԷՅ ԷՄ» ՍՊՆ-ն, որն իրականացնում է News.am կայքի աշխատանքները:

Ընդհանուր հաշվարկով՝ 2016, 2017 եւ 2018 թվականներին այս լրատվամիջոցներին նախարարության կողմից փոխանցվել է 20 միլիոն ՀՀ դրամ»։