OLYMPUS DIGITAL CAMERA

Հիմնադրման 2800-ամյակի առթիվ Երևանը կունենա նոր այգի, որը Բադալյանների ընտանիքի նվերն է մայրաքաղաքին: Հիմնովին վերափոխված մոտ 1 հեկտար տարածքում կլինեն բազմատեսակ ծառեր, թփեր, ճեմուղիներ, արհեստական լճակ՝ 400քմ, ամֆիթատրոն, շախմատ, խաղահրապարակներ, ավտոկայանատեղի և վերանորոգված կանգառ: Այգին կլուսավորեն «խելացի» լամպերը, կգործի Wi-Fi, նստարանների մոտ և կանգառում կլինեն գաջեթների լիցքավորիչներ: Միջոցառումների համար պատրաստված է մեծ բեմ, իսկ  ամանորին՝ տոնական եղևնին կզարդարի այգու կենտրոնական հատվածը:Նոր կառուցված 9 մետրանոց հուշակոթողի վրա հայերենով և ուրարտերենով ներկայացված կլինի Էրեբունիի ստեղծման վերաբերյալ արձանագրությունը: Այգին հարմարեցված է լինելու նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար:Այգու առանձնահատկությունն այն է, որ այստեղ չի լինելու որևէ կոմերցիոն կառույց՝ խանութ կամ սրճարան, այսինքն՝ բիզնես շահ չի հետապնդելու։ Ամբողջությամբ բարեկարգված այգու բացումը տեղի կունենա մայրաքաղաքի հոբելյանական տոնակատարությունների ժամանակ: Բարեկարգման աշխատանքներն ավարտվել են, ներկայումս ընթանում է այգու կանաչապատման գործընթացը: «Էրեբունի» այգու վերակառուցման աշխատանքները կատարվում են  «Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Հիմնադրամը ստեղծվել է Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանների կողմից: