Հեղափոխությունից հետո նշանակված պաշտոնյաների մեջ կան այնպիսիք, որոնք ակնհայտորեն իրենց տեղում չեն: Ինձ թվում է՝ վարչապետը դա շատ լավ հասկանում է, պարզապես «անցումային շրջանի» առանձնահատկությունները որոշակի սահմանափակումներ են մտցնում: Այդ մարդիկ, հավանաբար, մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններն իրենց պաշտոնը «կգլորեն», իսկ հետո կզբաղվեն այլ գործերով: Բայց այստեղ ուզում եմ գրել մեկի մասին, որն, իմ կարծիքով, իր տեղում է՝ ի հեճուկս նրա հասցեին հնչող քննադատության: Խոսքը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի մասին է: Ինձ թվում է՝ քննադատության հիմնական աղբյուրը մեր մտածողության սահմանափակությունն է, կարծրատիպերը, ինչպես նաեւ խորհրդային շրջանից եկած ավանդույթները: Մեր ուղեղում մի պատկերացում կա, որ պաշտոնյան պետք է լինի 50-ն անց տղամարդ, ցանկալի է՝ պատկառելի փորով, «կյանք տեսած», կոռուպցիոն գործերին մասնակից, բայց միաժամանակ՝ «ազգի մասին մտածող»: Ինչպես առաջներում էին ասում՝ крепкий хозайственник: Եվ հանկարծ՝ 30 տարեկան աղջիկ, նուրբ կազմվածքով, ուսանողական ուսապարկը մեջքին, համեստ, բարյացակամ՝ այդ ամենն, իհարկե, հակասում է մեր ավանդական պատկերացումներին: Բայց ես համաձայն եմ այն մեկնաբանների հետ, որոնք ասում են, որ այս տարվա ապրիլին ավարտվել է «հետխորհրդային» դարաշրջանը: Մեր պատկերացումները նույնպես, հետեւաբար, պետք է դուրս գան տասնամյակների կարծրատիպերից: Տաթեւիկն ավարտել է եւ կոչումներ է ստացել Եվրոպայի առաջնակարգ բուհերում, աշխատել է շատ լուրջ ավիացիոն ընկերություններում, ունի լայն կապեր եւ հետաքրքիր գաղափարներ: Ինչ մնում է ղեկավարելու ունակությանը, ապա այստեղ նույնպես պետք է ասեմ՝ ղեկավարելն այսօր բռունցքը սեղանին խփելով ու ուշունց տալով չի, դա, առաջին հերթին, թիմը համախմբելու եւ թարմ գաղափարներ առաջ բերելու արվեստ է: Իսկ հայաստանյան իրականությանը ինտեգրված չլինելը որքան «մինուս» է, այնքան էլ «պլյուս». մեր իրականությունը, մանավանդ բյուրոկրատիայի մասով, այնքան էլ պայծառ չէ: Այնպես որ, կարծում եմ, դա հաջողված փորձ է, եւ հետագայում կառավարությունը պետք է ավելի շատ ներգրավի երիտասարդների՝ հատկապես նրանց, ովքեր ապրել եւ աշխատել են արտերկրում ու ցանկություն ունեն ծառայելու մեր պետությանը: Ինչ մնում է լեզվին: Այո, իր կյանքի գերակշիռ մասը Հայաստանում չապրելով՝ Տաթեւիկը խոսում է «կենցաղային»՝ ոչ պաշտոնական, ոչ այնքան գրական հայերենով: Լեզվի վրա իսկապես պետք է աշխատել: Բայց մենք գիտենք մարդկանց, որոնք տասնամյակներով այստեղ են ապրում եւ շարունակում են խոսել օտար լեզուներով:

(c) Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ