Vice President of the National Assembly of the Republic of Armenia Eduard Sharmazanov gave a press conference

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը – Ձեր հարցազրույցներում նշում եք, որ Հայաստանում թիվ մեկ մարտահրավերը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարն է, այլ Արցախյան հակամարտության կարգավորումն ու ազգային անվտանգության մարտահրավերներին դիմակայելը։ Կարելի է ենթադրել, որ կոռուպցիայի դեմ պայքարը Ձեզ համար առաջնահերթությո՞ւն չէ։ -Իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը կարեւոր է եւ առաջնային, բայց այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում՝ մեծ ցանկության դեպքում, դժվար է անվանել կոռուպցիայի դեմ պայքար։ Կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ տեղի է ունենում վարչապետի եւ նրա քաղաքական թիմի էժանագին փիար։ Դեռ հին Հռոմից հայտնի է, որ հանրությանն անհրաժեշտ են հաց եւ տեսարաններ։ Փաշինյանը չի կարողանում ապահովել ժողովրդին հացով, հետեւաբար, կենտրոնացել է տեսարաններ ստեղծելու վրա։ Կրկնում եմ, մեր թիվ մեկ մարտահրավերը արցախյան հակամարտության հայանպաստ լուծումն է եւ ազգային-հոգեւոր ինքնությանը նետված ուղղակի եւ բացահայտ մարտահրավերները։ Մարտահրավեր է պանթուրքիզմը, չմոռանանք, որ առաջին անգամ Էրդողանի նախընտրական ծրագրում ղարաբաղյան հարցին կարեւոր տեղ է հատկացվում։ Օրվա իշխանությունները ոչ միայն իրենց մտահոգությունը չեն հայտնում այս առնչությամբ, այլ նույնիսկ հարկ չեն համարում խոսել դրա մասին։ Մեկ անգամ չէ, որ նշել եմ, վերջին ամիսների ընթացքում ակնհայտ կազմակերպված հակաքարոզչություն է իրականացվում ավանդական արժեքների՝ եկեղեցու, ընտանիքի, բանակի դեմ։ Սա շատ մտահոգիչ է։ Անտեսանելի թշնամին տեսանելիից պակաս վտանգավոր չէ։ -Դուք կարեւորում եք Արցախյան կարգավորումը։ Ինչպե՞ս եք գնահատում այս ոլորտում նոր կառավարիչների գործողությունները։ -Այստեղ մենք առերեսվում ենք լուրջ մտահոգությունների հետ։ Ակնհայտ է, որ Փաշինյանի կառավարությունը այս հարցում որեւէ հայեցակարգ չունի։ Ի դեպ, սա առաջին անգամ է նորանկախ Հայաստանի պատմության մեջ․ նախկին երեք նախագահները ունեցել եւ ներկայացրել են արցախյան կարգավորման հստակ հայեցակարգ։ Մինչդեռ Փաշինյանը հայեցակարգ չի ներկայացնում։ Երբ նա հանրահավաքին ասում է՝ եթե կարգավորման ընդունելի ծրագիր լինի, ապա դա կքննարկի հրապարակում, սա ինքնին հայեցակարգի բացակայության ապացույց է։ Ավելին, եթե նախկին իշխանությունը հրապարակ էր բերել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի օրակարգը, որի մասին ապրիլյան պատերազմից հետո հստակ հայտարարություններ արեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, այսօր անգամ ակնարկ չկա շփման գծում զինադադարի պահպանման ամրապնդման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ։ Սա ակնհայտ հետընթաց է եւ կորուստ հայկական կողմերի համար։

(c) Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ