Hayeli.am գրում է.

Երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումից եւ քաղաքական հայտից հետո որքան էլ սպասելի էր Գագիկ Ծառուկյանի խոսքը, սակայն շաբաթներ շարունակ այդ խոսքն ուշանում էր, ԲՀԿ-ականները նույնպես հրաժարվում էին պատասխանել Քոչարյանին հնարավոր աջակցության մասին հարցերին: Եւ ահա, այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ ղեկավարը հպանցիկ անդրադարձել է մի շարք հարցերի եւ, այսպես կոչված, դիվանագիտական պատասխաններ տվել:

Ծառուկյանը նախ խայծել է ՀՀԿ-ին. պատասխանելով Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցին, մասնավորապես՝ ինչով է բացատրվում ԲՀԿ-ի մասնակցությունը, երբ ընդամենը մեկ տարի առաջ այդ կուսակցությունը չմտավ քաղաքապետի ընտրության պայքարի մեջ: Ծառուկյանը հայտարարել է, թե քաղաքական իրավիճակ է փոխվել, այսօր նոր Հայաստանում ենք ապրում, որտեղ բոլոր ճանապարհները չեն տանում Մելիք Ադամյանով ու այնտեղից չեն որոշում ով, ինչ անի: Եւ ահա՝ չնայած Սերժ Սարգսյանի հետ երբեմնի մտերմությանը՝ Ծառուկյանը ակնարկում է, որ այն պարտադրված է եղել, եւ իր քաղաքական կուրսն էլ թելադրված Մելիք Ադամյանից:

Փոխարենը առճակատման չի գնում ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Նիկոլ Փաշինյանի հարցում: Նա բավականին հավասարակշռված եւ դիվանագիտական պատասխան է տալիս Քոչարյանի վերադարձի եւ նրա հետ համագործակցության հարցին. «Այդպիսի հարց առօրյայում չկա, բայց ցանկացած մարդ իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ»,-ասում է Գագիկ Ծառուկյանը: Հարցին՝ ո՞ր դեպքում կհամագործակցեք Քոչարյանի հետ, նա չպատասխանեց՝ ակնհայտ զգուշավորություն դրսեւորելով ասաց միայն, որ առաջիկայում նման հարց չունեն օրակարգում։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ է։ Ի պատասխան՝ Ծառուկյանն ասաց, որ հարցը իրավական տիրույթում է. «Այնտեղ քննում են, պատասխանները կասեն, նոր մենք մեր տեսակետները կասենք»: Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը չի ցանկանում իրեն վտանգի տակ դնել, հնարավոր աջակցության մասին անգամ թեթեւ ակնարկներ չի անում, բայց մյուս կողմից այրել կամուրջները Ռոբերտ Քոչարյանի հետ եւս չի պատրաստվում, կտրականապես չի բացառում համագործակցության հնարավորությունը: Ուշագրավ է, որ նույն լոյալությունն է պահպանում նաեւ Նիկոլ Փաշինյանի հարցում: Երբ հետաքրքրվում են,թե արդյոք Ծառուկյանը ընտրություններից հետո նույնպես կմնա Նիկոլ Փաշինյանի դաշնակիցը, նա սահուն կերպով շրջանցում է թեման ասելով, որ այժմ դաշնակիցներ են: « Մենք իրար հետ քննարկում ենք, որպեսզի ժողովրդի պահանջն իրականացնենք»,-նշեց նա և ավելին՝ շեշտեց, որ Փաշինյանն է հեղափոխության լիդերը, իսկ իրենք իրենց չափով աջակցել են շարժմանը այն պահից, երբ հեղափոխության լիդերները ի դեմս Փաշինյանի ձերբակալվել են: Ծառուկյանի դիրքորոշումը միանգամայն հասկանալի է ու պայմանավորված նոր իշխանություններից սպասվող հնարավոր հարվածներից խուսափելու մտավախությամբ, հիշենք, որ նրա թիկնապահը բոլորովին վերջերս է ազատվել կալանքից եւ այն էլ մեծ գրավի դիմաց, սակայն միեւնույն ժամանակ Փաշինյանը հիշեցնում է, որ Փաշինյանը իր խմբակցության շնորհիվ է վարչապետ դարձել ու այս հանգամանքը առաջիկա զարգացումների ժամանակ չպետք է անտեսել:

Անի Սահակյան