Եվրախորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը (Քրիստոնեադեմոկրատական միություն) սեպտեմբերի 5-ին պաշտոնապես կհայտարարի ԵԽ-ում կայանալիք ընտրություններում ԵԺԿ-ի հիմնական թեկնածու դառնալու իր որոշման մասին։ Դրանով հանդերձ նա Եվրանհանձնաժողովի գործող նախագահ Ժան Կլոդ Յունկերին այդ պաշտոնում փոխարինելու հավակնորդ կդառնա, գրում է Der Spiegel պարբերականը։

Նշվում է, որ Վեբերը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա նախ իր խմբակցության նիստում, իսկ հետո՝ մամուլի առջև։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն աջակցել է Վեբերի թեկնածությանը։ Եվրամիության գործադիր իշխանության նախագահի պաշտոնում քննարկվել են նաև Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Փեթեր Ալթմայերի և պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի թեկնածությունները։