Վաշինգտոնն Իրանում ռեժիմի փոփոխության չի ձգտում և այդ պետության նկատմամբ իր վերաբերմունքը բացատրում է բնակչության մասին հոգատարությամբ։ Նման պնդմամբ երեքշաբթի հանդես է եկել ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին՝ համաշխարհային կազմակերպության անվտանգության խորհրդում Վաշինգտոնի նախագահության կապակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Իրանի նկատմամբ ռազմավարությունը շատ պարզ է․ մենք ձգտում ենք ուշադրություն դարձնել նրանց քայլերի բացասական կողմերին, մենք ձգտում ենք ուշադրություն դարձնել Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտումներին»,-համապատասխան հարցին պատասխանելով՝ ասել է նա։

Դիվանագետը նաև հավաստել է, որ ԱՄՆ-ն օգնում է լսելի դարձնել իրանցի ժողովրդի ձայնը, որն «այնքան հուսահատորեն ցանկանում է ավելի լավ ապրել»։ Հեյլիի պնդմամբ՝ Իրանի իշխանությունները «ամենատարբեր միջոցներով ճնշում են» երկրի քաղաքացիներին և նրանց թույլ չեն տալիս մասնակցել պետության քաղաքական կյանքին։

«Մենք կաջակցենք իրանցի ժողովրդին»,-ասել է Հեյլին։

«Հարցը ռեժիմի փոփոխությունը չէ և ոչ էլ այն, թե ով է հաջորդ առաջնորդը։ Ամբողջ խնդիրն Իրանի բնակիչներին աջակցելու մեջ է և նրանում, որպեսզի հայտարարենք, որ նրանք կառավարության կողմից լսված լինելու, ինչպես նաև այն փոխելու լիիրավ իրավունք ունեն, եթե այն սխալ ուղղությամբ է շարժվում»,-հավելել է նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կշարունակի ուշադրություն դարձնել բոլոր խախտումներին, որոնք կատարում է Իրանը։