ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին պատմել է գաղտնի նամակի մասին, որը 2010-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հղել է ԱՄՆ առաջնորդ Բարաք Օբամային՝ խնդրելով աջակցել Իսրայելի հետ խաղաղության բանակցություններում։ Այս մասին հայտնել է իսրայելական Haaretz պարբերականը՝ վկայակոչելով երեքշաբթի հրապարակված նախկին պետքարտուղարի գիրքը։

«Ասադը հարցրեց ինձ՝ ի՞նչ է հնարավոր անել Իսրայելի հետ լուրջ խաղաղության բանակցություններ սկսելու համար, որոնց արդյունքում հնարավոր կլինի վերադարձնել Գոլանի բարձունքները, որոնք 1967-ին Սիրիան զիջել է Իսրայելին։ Ես այդ հաշվով իմ կարծիքը հայտնեցի։ Ասադն իր օգնականներին հանձնարարեց նամակ հղել Բարաք Օբամային՝ խնդրելով միջնորդել Իսրայելի հետ բանակցություններում»,-ասվում է Քերիի գրքում։

Քերին նամակը ցույց է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որն այն «զարմանալի» է համարել, քանի որ նախկին Ասադը հանուն Իսրայելի հետ բանակցությունների զիջումների չէր գնա։

Նշվում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Սիրիայի և Իսրայելի միջև երկխոսությունն ավարտվեց 2011-ի սկզբին, սակայն Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց, և երկրների միջև համաձայնագիր չկնքվեց։