Պահպանողական կուսակցությունը գոհունակությամբ արձանագրում է, որ առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել երկրում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար: Երևանի ավագանու ընտրությունները դրա մեկնարկը կարող են լինել: Միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ Հայաստանի ապագան արևմտյան քաղաքակրթական համակարգի մաս դառնալն է, որը կարելի էր սկսել հենց մայրաքաղաքին արևմտյան մշակութաբանական մոտեցում ցուցաբերելուց: Ցավոք, ներկա ապաքաղաքական և զգացմունքային մթնոլորտում Պահպանողական կուսակցությանը չհաջողվեց նպաստել Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Արևմտյան քաղաքակրթական ճակատի ձևավորմանը, ուստի որևէ ձևաչափով մեր մասնակցությունը անպատակահարմար ենք դիտարկել: Իշխանական ցանկացած մակարդակի լծակների տիրապետումը հայ պահպանողականների համար երբևէ չի եղել և չի կարող լինել ինքնանպատակ:
Մյուս կողմից՝ քանի որ պետականավարման պատասխանատվությունը խիզախորեն ստանձնել է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժը, ուստի անհրաժեշտ է, որպեսզի նրան տրվի իր պահանջած համարժեք նաև լիազորությունը, որի պակասի մասին հրապարակայնորեն ազդարարվել է անցումային արդարադատության պահանջի, երկրորդ նախագահին քաղաքական բևեռ ներկայացնելու և այլ միջոցներով:
Ըստ այսմ՝ Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդը, ուենալով ոչ անկարևոր վերապահումներ, մեր համակիր քաղաքացիներին հորդորում է Երևանի ավագանու ընտրություններում քվեարկել Վարչապետի օգտին՝ նրան հանձնելով իշխանության հնարավորինս ամբողջական լիազորություններն ու ամբողջական պատասխանատվությունը՝ կենտրոնանալով գալիք խորհրդարանական ընտրություններին Արևմտյան քաղաքակրթական արժեքներ դավանող քաղաքական ճակատի ստեղծման վրա:

ՊԱՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
03.09.2018թ.
Ք. Երևան