Armtimes.com գրում է. «

ԱԻՆ հիմնադրման 27-րդ տարվա առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ ՀԺ-ի լրագրողը վարչապետին խնդրեց մեկնաբանել ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի խոսքերը՝ սեւերի եւ սպիտակների ճամբարների հետ կապված: Մասնավորապես, վարչապետից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Հայկ Մարությանի հայտարարությունը Սերժ Սարգսյանի «որքան ուզեմ՝ կխփեմ» ոճի մեջ չէր, երբ ասում է, որ մեր թիմի դեմ խաղ չկա:

«Ես կարծում եմ, թյուրըմբռնում կա: Գուցե Հայկ Մարությանն էլ է ընդունել, որ որոշ ձեւակերպումներ այդքան էլ ճշգրիտ չեն եղել: Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական հայտարարություն  պետք է տեղավորվի սիրո եւ համերաշխության հեղափոխության տրամաբանության մեջ: Մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սեւի ու սպիտակի»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը մամուլի ասուլիսի հնարավորություն է խնդրում, վարչապետն ասաց, որ արդարադատության նախարարին հանձնարարել է՝ օրենքով սահմանաված կարգով հնարավորություն տալ:

Նիկոլ Փաշինյանը որեւէ տարօրինակ բան չի տեսնում այն հանգամանքում, որ սեպտեմբերի 2-ին ներկա չի եղել Արցախում: «Ես դրանից մեկ շաբաթ առաջ էի այնտեղ: Արցախի նախագահն ասաց, որ սա աննախադեպ իրավիճակ է, երբ ՀՀ նախագահը երեք ամսվա ընթացքում երեք անգամ լինում է Ստեփանակերտում: Հայաստանն Արցախում շատ բարձր մակարդակով ներկայացված էր: Ներկա էր ՀՀ նախագահը, փոխվարչապետը, նախարարներ, անվտանգության խորհրդի քարտուղարը»:

ՀԺ-ի հարցին՝ Հովիկ Աբրահամյանի ներկայությունը տարօրինակ չէ՞, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդ հարցը պետք է ուղղել Արցախի իշխանություններին: Ես չեմ որոշում, թե Ստեփանակերտի միջոցառմանը ովքեր են մասնակցում»:

Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վարչապետի պաշտոնում Մարտի 1-ի գործով ցուցմունք չի տվել, բայց պատրաստ է: Ինչ վերաբերվում է ԱԺ առաջիկա ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի մասնակցել-չմասնակցելուն, վարչապետը նշեց, որ օրենքով սահմանված կարգով ովքեր հնարավորություն կունենան՝ կմասնակցեն»։

(c) Նարեկ Կիրակոսյան