ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանն իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ժամանակ այսօր հայտարարել է, որ իր ղեկավարած ոլորտում` հատկապես տրանսպորտի առումով կան շատ բացեր:
«Շատ տխուր վիճակ ենք մենք ժառանգել, կան բազմաթիվ խնդիրներ»,-ասել է նախարարը` մատնանշելով օրերս Արմավիրի մարզում սկսված դժգոհությունների ալիքը, երբ ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպություններից որոշներն իրականացնում են անօրինական գործունեություն:

Նախարարը նշել է, որ այս ամռանը տրանսպորտային վերահսկողության տեսչությունը դուրս է բերվել նախարարության կազմից, հետևաբար՝ իրենք իրավասու չեն հսկել մարզային տրանսպորտի գործունեությունը, սակայն Արմավիրի մարզի խնդրի վերաբերյալ իրենք դիմել են այլ պետական գերատեսչություններ, որպեսզի հարցը լուծում ստանա:

Աշոտ Հակոբյանի խոսքով՝ տրանսպորտային խնդիրները վերաբերում են ամբողջ երկրին, և իրենք տարբերակներ են փնտրում` ընդհանուր ցանց ստեղծելու և ոլորտը կանոնակարգելու համար: