1in.am գրում է.

Հայաստանի ջրպետկոմի նախագահ Ինեսա Գաբայանը անկեղծացել է՝ ասելով, որ իր տղան ցանկանում է Սեդվին գետի վրա ՀԷԿ կառուցել: Չնայած՝ Հագվի գյուղի բնակիչները բողոքում են ՀԷԿ-ի կառուցման դեմ, Գաբայանը փորձել է ՀԷԿ-ի կառուցումը ներկայացնել որպես բարեգործություն, իբրև թե ՀԷԿ-ի կառուցման արդյունքում կլուծվի գյուղի սողանքների հարցը: Մեծ մտածող և փիլիսոփա Արթուր Բաղդասարյանը նման դեպքում կասեր, թե թեփի դեմ պայքարի լավագույն միջոցը գիլյոտինը չէ:

Ինեսա Գաբայանը Հայաստանի ջրպետկոմի նախագահն է, և նրան առաջին հերթին պետք է հուզի Հայաստանի բնակչությանը ոռոգման ջրով ապահովելու հարցը: Երբ իր տղան ուզում է մի ամբողջ գետ մտցնի խողովակի մեջ, և դրանով գյուղացիներին զրկի ոռոգման ջրից, Գաբայանի անձնական շահը հակադրության մեջ է մտնում իր պաշտոնական պարտականությունների կատարման հետ: Գաբայանը նախապատվությունը տալիս է անձնական շահին և սկսում է հիմնավորել իր տղայի բիզնեսով զբաղվելու իրավունքը՝ ասելով, որ բիզնեսով զբաղվելու մեջ վատ բան չկա: Իհարկե, բիզնեսով զբաղվելու մեջ վատ բան չկա, բայց եթե քո անձնական բիզնեսը հարվածի տակ չի դնում հարյուրավորների բիզնեսը: Գյուղացիներին զրկելով ոռոգման ջրից, Գաբայանն ու որդին նրանց զրկում են իրենց հողերը մշակելու, այսինքն՝ եկամուտ ստանալու հնարավորությունից:

Այս նույն տրամաբանությամբ կարելի է ամբողջությամբ դատարկել Սևանա լիճը, որովհետև դա ևս բիզնես է․ լճի ջուրը կարելի է վերածել միլիոնավոր դոլարների էլեկտրաէներգիայի: Ինչ վատ բիզնես է որ: Արդյունքում կլուծվի նաև բնակչության անվտանգության խնդիրը, տարեկան բազմաթիվ ձկնորսներ ու հանգստացողներ են խեղդվում Սևանա լճում, չի լինի լիճը, չեն լինի նաև այդ անիմաստ և ողբերգական զոհերը:

Այս հարցում Հայաստանի նախորդ և ներկա իշխանությունների գործելաոճով ոչ մի փոփոխություն չկա: Մարդիկ, ովքեր կոչված են պաշտպանելու պետության և հանրության շահերը, պաշտոնը օգտագործում են սեփական շահերը սպասարկելու համար:

Ամբողջ աշխարհը պայքարում է գլոբալ տաքացման հետևանքների վերացման դեմ: Հիմա արդեն պարզ է, որ տարեցտարի ջրի պաշարները պակասելու են, իսկ դրա նկատմամբ պահանջարկը մեծանալու է: Ինչ է անում Հայաստանի կառավարությունը այս ուղղությամբ: Համենայն դեպս, մեզ հայտնի չէ կառավարության կողմից իրականացվող որևէ գլոբալ ծրագիր, որը կարող է փոփոխություն մտցնել իրավիճակում: Տարեկան Սևանից ոռոգման նպատակով բաց է թողնվում 210-250 մլն խմ ջուր: Այդ ջրային ռեսուրսը կարելի էր խնայել, եթե կառուցվեր և ավարտին հասցվեր Եղվարդի ջրամբարը, որի նախագծային տարողությունը 228 մլն խորանարդ մետր է, գրեթե այնքան, որքան մենք կորցնում ենք Սևանից: Հրազդան գետի ջրերը աշնան և ձմռան ամիսներին անիմաստ հոսում և թափվում են Արաքս գետը, մինչդեռ, դրանք կարելի է ամբարել և օգտագործել ոռոգման շրջանում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությունում աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Հարությունյանը ԱԺ-ում խոստացավ ներկայացնել Եղվարդի ջրամբարի կառուցման համալիր ծրագիրը, բայց խոստումը այդպես էլ չկատարեց: Գուցե նոր իշխանությունը ձեռնարկի խորհրդային տարիներից անավարտ մնացած այդ կառույցի ավարտման աշխատանքները:

Ինեսա Գաբայանը Սևանից լրացուցիչ ջրառի օրինագծի քննարկման ժամանակ հայտարարում է, որ Հայաստանը կորցրել է Սև ջուր գետը, որը տարեկան 90 մլն խորանարդ մետր ջուր էր ապահովում ոռոգման համակարգին: Հետաքրքիր է չէ, թե ուր է կորել գետը, ուր է կորել այդ ահռելի քանակության ջուրը, որի բացը լրացվում է Սևանից լրացուցիչ ջրառ իրականացնելու հաշվին:

Սև ջուր գետը սնվում էր Արագած լեռան ձյան հալոցքներից, որոնք երկրի մակերևույթ էին դուրս գալիս Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի շրջակա տարածքներում աղբյուրների տեսքով և միավորվելով ու գետ դառնալով հոսում էին դեպի Արաքս: Հիմա այդ ջուրը և գրեթե նույն քանակությամբ հոսում և լցվում է Արաքս, բայց ոչ թե Մեծամորի հատվածից, այլ Էջմիածնի ու Մասիսի մի շարք համայնքներում գործող ձկնաբուծարանների տարածքներից: Այդ ձկնաբուծարանների գործունեության արդյունքում է, որ Սև ջուր գետը ցամաքել է, քանի որ Արագած լեռան ձյան շերտի հալոցքները այլևս չեն կարող դուրս գալ Մեծամորի հատվածում, դրանք հոսում են ավելի ներքև՝ համալրելով ձկնաբուծարանների կողմից օգտագործված ստորերկրյա ջրային պաշարները: Բավարար է, որ իշխանությունը կամք դրսևորի և փակի այդ ձկնաբուծարանները, փակի ջրի հորերը, և Սև ջուր գետը մի քանի տարվա ընթացքում կրկին ի հայտ կգա: Բայց դրա համար պետք է կպնել ձկնաբուծությամբ զբաղվող օլիգարխների բիզնեսին և նրանց հասկացնել, որ Հայաստանի ջրային պաշարները հանրային սեփականություն են, ոչ թե իրենց բիզնեսի ու հարստացման աղբյուր:

Հայաստանում միշտ իշխել է ինչ-որ մարդկանց բիզնես անելու իրավունքը արդարացնելու սկզբունքը՝ ինչ վատ բան կա ձկնաբուծարան սարքելու, ՀԷԿ սարքելու կամ ընդերքը շահագործելու մեջ: Ոչ մի վատ բան էլ չկա՝ դրանց սեփականատերերի տեսակետից: Միայն թե պետությունն էլ նրա համար է, որ լավ լինի ոչ թե մեկ-երկուսի, այլ բոլորի համար, ինչը չի եղել նախկինում ու չկա նաև հիմա: