Armtimes.com գրում է.

«ԱԱԾ-ն ոչ թե հանգիստ է վերջին շրջանում, այլ ուղղակի չի հրապարակում իր կողմից արված բացահայտումները»,- այսօր ԱԻՆ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչու վերջին շրջանում նոր բացահայտումներ չկան:

«Ի սկզբանե ասել եմ՝ ճիշտ չեմ համարում ԱԱԾ հրապարակային աշխատանքը, բայց ստեղծված իրավիճակից ելնելով սկզբնական շրջանում հետաքրքրությունը շատ մեծ էր և հրապարակայնությունը՝ նույնպես։ Կամաց-կամաց, հարգելի լրագրողներ, խնդրում եմ, սովորեք, որ ես էլ հարցազրույց չեմ տալու, չեմ երևալու», – ասաց Արթուր Վանեցյանը:

Նա միաժամանկ հայտնեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը չպետք է հրապարակային լինի: Պատասխանելով ՀԺ-ի այն հարցին, թե ինչո՞ւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին «Երեւան» հիմնադրամի գործով հարցաքննության չեն հրավիրում, Վանեցյանն ասաց, որ առաջիկայում կհրավիրվի՝ առանց հստակ օր նշելու: