Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի հայերի համագումարի (ԵՀՀ) «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» խորագրով կազմակերպած մեկօրյա խորհրդաժողովը, որը նվիրված էր հայության ներկա հիմնահարցերին:

Այս  մասին SHANTNEWS.AM-ը  տեղեկություն ստացավ  Եվրոպայի հայերի համագումարի (ԵՀՀ) համակարգող Կարո Հակոբյանից։

Հակոբյան նաև փոխանցեց, որ խորհրդաժողովին մասնակցում էին պատվիրակություններ և հյուրեր Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեդիայից, Չեխիայից, Նիդերլանդներից, Հունաստանից և Հայաստանից։ ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, որը ծանրաբեռնվածության պատճառով չի մասնակցել խորհրդաժողովին, իր ողջույնի խոսքում բարձր է գնահատել նման նախաձեռնությունը։

Համաժողովում քննարկվել են ոչ միայն Հայաստանի նկատմամբ սփյուռքում որդեգրված նոր մոտեցումներն ու ծրագրերը, դրանց հնարավորությունները, այլև Եվրոպայի հայության դերը՝ Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և թավշյա հեղափոխության համատեքստում։ Առաջիկայում համաժողովի կողմից հրապարակվելու է հայտարարություն։

Եվրոպայի հայերի համագումարը ստեղծվել է 2003թ․ սեպտեմբերի 27-28-ին Բրյուսելում կայացած հիմնադիր ժողովում։ Համագումարի հիմնական անդամները եվրոպական 16 երկրների հայ համայնքների ներկայացուցիչներ և հայկական կազմակերպություններ են։

(c) Սագօ Արեյան