Ավետիք Չալաբյանը գրել է. «Երեկ Հայկ Մարությանի հայտարարությունը մեծ թվով արձագանքներ ստացավ, հիմնականում մտահոգ և անկեղծ, բայց Վիգեն Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի վիրավորանքներով համեմված փոխհրաձգությունը Ֆեյսբուքում և դրանց բուռն արձագանքները իրենց կողմնակիցների կողմից նորից բացահայտեցին այն աբսուրդը, որում մենք հիմա ապրում ենք։

Իմ տպավորությամբ, մեր հասարակության մեջ կա մի ստվար հատված, որի համար սևերի և սպիտակների պրիմիտիվ բաժանումը ամենահարմարն է, քանի որ կյանքը վերածում է գլադիատորների մենամարտի, որում “սպիտակները” պետք է հաղթեն ու իսպառ ոչնչացնեն “սևերին” (կամ երբեմն էլ հակառակը), իրանք էլ պետք է թամաշա անեն, և հաճույք ստանան արյունահեղության տեսարաններից։

Իրենք չեն մտածում, որ “սևերը” ևս կռվելու ընդունակ ուժ են, ու այդ կռիվների արանքում “սպիտակների” մեծ մասը ևս կոչնչանա, որ սևերի ու սպիտակների կողքին կան երկնագույններ, կանաչներ, կարմիրներ, վարդագույններ, շականագագույններ, և ընդհանրապես, բազմաթիվ գույներ, և կյանքը չի սահմանափակվում սևերի ու սպիտակների կռվով, որ սևն ու սպիտակը ևս հարաբերական է, և ամենակարևորը՝ որ անկախ նրանից, թե ով է հաղթելու, իրենք մնալու են նույն գորշ զանգվածը, որի կյանքում, մեծ հաշվով, բան չի փոխվում։

Այն քաղաքական գործիչները, որոնք խաղում են այս զանգվածի կրքերի վրա, և պարբերաբար սրում են դրանք, ևս տրամաբանության և բարոյականության հետ խնդիրներ ունեն։ Տրամաբանության հետ խնդիր ունեն, որովհետև իրենց ձեռքով իրենց դարձնում են գլադիատոր, որը որքան էլ փառահեղ մենամարտեր հաղթի, ի վերջո զոհվելու է արենայում։ Բարոյականության հետ խնդիր ունեն, որովհետև հրաշալի գիտեն, որ նույն այդ զանգվածին խաբում են, և ուղեղները մարտի տեսարաններով լցնելով, շեղում են իրական կյանքից, իրական գործերից, իրական հաջողությունների հասնելու սեփական հեռանկարից, փոխարենը քամում եմ այդ մարդկանց էներգիան՝ սեփական քաղաքական գոյությունը երկարաձգելու համար։

Ես կոնկրետ ոչ ոքի չեմ մեղադրում, որովհետև սա մեր դժբախտությունն է։ Այս դժբախտության մեջ մեղավոր է թե նախկին իշխանությունը, որը հետևողական բուծել է մարդու այդպիսի տեսակ, և թե նախկինի նախկին իշխանությունը (կոմունիստները), որոնք ևս աշխարհը ներկայացնում էին սև-սպիտակ (կամ կարմիր-սպիտակ), և շարքային մարդուն դիտում էին որպես սեփական գլոբալ քաղաքական պրոյեկտի մեջ անուղեղ ու անկամք կամակատար։ Սակայն ես չեմ ուզում, որ սա անվերջ շարունակվի, որ մենք ապրենք պերմանենտ քաղաքացիական պատերազմի պայմաններում, որ մեր ընտրությունը լինի օլիգարխիայի ու հեղափոխական դիկտատուրաների միջև։

Այսօր մենք շանս ունենք դուրս գալ այս կեղծ հակադրությունից, ստեղծել հասարակություն, որում կա քաղաքական մրցակցություն և օրենքի գերակայություն, որում անհատների և խմբերի գաղափարական պարտադրանքը դրա շնորհիվ հասցված է նվազագույնի, մարդն էլ չի ընտրում գլադիատորների միջև, քանի որ ինքն ընդհանրապես գլադիատորական մարտեր նայելու կարիք չունի։ Դրա համար պետք է սեփական ուղեղով մտածենք ու գործենք, զսպենք սեփական կրքերը, ցանկացած իրավիճակի մեջ տեսնենք լավ ու վատ կողմերը, հարգենք ու լսենք դիմացինին, ու սեփական ընտրությունը երբեք չհանգեցնենք սևին ու սպիտակին։ Մինչ այդ, շնորհակալ եմ Հայկին, որ թեև չգիտակցելով, ստիպեց նորից շատերիս այս պարզ բաների մասին մտածել»։