Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, ուղերձում ասված է.

«Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի հարգելի աշխատողներ և վետերաններ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ:

Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո տարիների նպատակամղված աշխատանքի արդյունքում այսօր մենք ունենք արտակարգ իրավիճակներին դիմակայելու ունակ և կայացած համակարգ, որը ձեր բարձր արհեստավարժության ու նվիրումի շնորհիվ վայելում է հասարակության վստահությանը: Որովհետև դուք միշտ առաջինն եք օգնության հասնում անկանխատեսելի ու դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց, առաջինն եք սկսում դիմակայել բնական ու տեխնածին աղետներին:

Միաժամանակ, բազմաթիվ անգամ ակտիվ մասնակցություն ցուցաբերելով այլ պետություններին պատուհասած աղետների հետևանքների վերացմանը՝ այնտեղ իրավամբ դարձել եք Հայաստանի և հայ ժողովրդի գթասրտության ու բարի կամքի յուրօրինակ խորհրդանիշը:

Շնորհակալ եմ ձեր վտանգաշատ աշխատանքն անձնուրացաբար կատարելու և բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու համար:

Անգնահատելի է ձեր դերը ոչ միայն աղետներին դիմակայելու և նրանց անխուսափելի հետևանքները հնարավորինս նվազեցնելու, այլև կանխատեսման, կանխարգելման, արագ արձագանքման, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակների կառավարման կարողությունների անշեղ կատարելագործման, բնակչությանն աղետներից պաշտպանվելու գիտելիքներ հաղորդելու գործում: Ցանկանում եմ նորանոր ձեռքբերումներ այս կարևորագույն ասպարեզներում:

Հայաստանի Հանրապետության խորհրդարանի և իմ անունից կրկին շնորհավորում եմ ձեզ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ»: