Լևոն Բարսեղյանը հարցազրույց է տվել Մեդիալաբին.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

– Պարո՛ն Բարսեղյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ի՞նչ շանսեր կունենա նա, և ինչպե՞ս կփոխվի իրավիճակը քաղաքական դաշտում:

– Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը շանսեր չունի, դա որևէ բան չի փոխի քաղաքական դաշտում: Նրա այդ հայտարարությունը երկու նպատակ ունի, մեկն ինքնապաշտպանությունն է: Նա ուզում է միջազգային հանրությանը ներկայացնել, թե ինքը քաղաքական գործիչ է, իրեն հետապնդում են, մեղադրանքներ են ներկայացնում, որպեսզի քաղաքականությունից դուրս մղեն:

Երկրորդ նպատակը հարակից է, այն է՝ զոնդաժ անել հանրային կարծիքը, տեսնել, թե մարդիկ ինչպե՛ս են վերաբերվում դրան, կա՞ շանս, որ ինքն իր նմաններին հավաքի մի տեղ ու տոկոս ունենա Ազգային ժողովում: Եվ ես կարծում եմ, որ այս երկու օրվա ընթացքում հանրային հրապարակային արձագանքից հասկացան, որ բոլոր նրանք, ովքեր կհարեն իր այդ նախաձեռնությանը, կփորձեն միանալ նրան, արժանանալու են խիստ քննադատության, համարվելու են Մարտի մեկի գլխավոր հեղինակ Ռոբերտ Քոչարյանի գործընկերները:

Եվ այն բոլոր վնասները, որոնք Քոչարյանի ժամանակ տրվել են Հայաստանին, հանրությունը չի մոռանալու, այդ մարդկանց ընկալելու է որպես Քոչարյանի գործընկեր: Ես կասկածում եմ, որ նա մարդկանց կկոնսոլիդացնի իր շուրջը:

– Այսինքն՝ նրա միջոցով հակահեղափոխության ռիսկ չկա՞, հաշվի առնելով այն, որ հավակնում է դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն:

– Ես պատկերացում իսկ չունեմ, թե ինչպե՛ս կարող է Ռոբերտ Քոչարյանը հակահեղափոխություն իրականացնել: Անշուշտ, կա սեփական շահերի պաշտպանություն, արդարադատությունից խուսափելու մղում, բայց դրանք բավարար չեն հակահեղափոխության գաղափարախոս լինելու համար: Ի վերջո, հակահեղափոխություն անելու համար հարկավոր է սովորել նորմալ հայերեն խոսել, ոչ թե խաղեր տալ ու չգիտես ինչ ձևակերպումներ անել:

Նա Սահմանադրությունը խախտելով եկել-առաջադրվել է, երկու անգամ էլ Սահմանադրություն է խախտել՝ առաջադրվելով, վարչական ռեսուրս ու կեղծիքներ է կիրառել, ընտրակաշառք է գործադրվել, դա ընտրություն չի եղել, նա չգիտի, թե ի՛նչ է Հայաստանում ազատ ու արդար ընտրությունը:

– Իսկ քաղաքական ուժերը կկոնսոլիդացվե՞ն նրա շուրջը, նա այդ կոչն է անում:

– Մի պահ մոռանանք Մարտի մեկը: Ստացվել է այնպես, որ Քոչարյանը կուսակցություն չունի, և եթե այս մեղադրանքը չլիներ, նա հազիվ թե մտադիր լիներ մասնակցել քաղաքական ընտրությունների: Օրինակ՝ մեկ տարի առաջ, երբ Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններ էին, ես չեմ հիշում, որ Քոչարյան Ռոբերտը հարեր որևէ մեկին, առաջադրված լիներ, դաշինքի մեջ մտներ:

Այսինքն՝ մարդը դեռ մեկ տարի առաջ որևէ հետաքրքրություն, ցանկություն չի ունեցել մասնակցելու ԱԺ ընտրություններին: Ու մեկ էլ այդ ցանկությունը կտրուկ աճում է մեկ տարի հետո, երբ իրեն սկսում են մեղադրանք ներկայացնել սահմանադրական կարգը տապալելու համար: Սրանով ես ապացուցում եմ իմ առաջին միտքը, որ սա ինքնապաշտպանական գործողություն է՝ իրեն նեկայացնել որպես քաղաքական գործիչ, որին այստեղ հալածում են, որպեսզի թույլ չտան մասնակցել ընտրություններին:

Մյուս քաղաքական ուժերի ընտրազանգվածներն էապես կողմնորոշված են: Ազատ մարդ կամ միամիտ գտնելը հեշտ չէ, որպեսզի գնան կանգնեն իր կողքին: Այդ դեպքում ինչ-որ մարդիկ պետք է հորինել, բայց մեռածների ցուցակներն էլ իր ձեռքում չեն, արտագաղթածների ցուցակներն էլ իր մոտ չեն, ո՞վ է գնալու նրան ընտրի:

– Գուցե հույս ունեն, որ մինչև գարուն հանրության մի հատված կհիասթափվի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից: Առհասարակ, նման սցենար հնարավո՞ր է:

– Եթե նույնիսկ մենք խոսում ենք ինչ-որ տեսական տարբերակի մասին… Լավ, ենթադրենք՝ բոլորը հիասթափվել են Փաշինյանից, այդ ի՞նչ տրամաբանությամբ է Քոչարյանը համարում, որ այդ ընտրողները պետք է իրեն հարեն, ոչ թե նրանց, ովքեր հանցագործություններին խառնված չեն, մեղադրյալներ չեն, նախկինում իշխանության չեն եղել:

Բազմաթիվ նման ուժեր կան, այդ ի՞նչ տրամաբանությամբ պետք է ազատ ընտրողը հարի Քոչարյանին: Այդ ի՞նչ մի հրաշալի կարողությունների համար նրանք պետք է հարեն մեկին, ով մի քանի անգամ սահմանադրական կարգ է խախտել: Այսինքն՝ այդտեղ տրամաբանություն չկա, նման բան չի կարող լինել, եթե անգամ մարդիկ հիասթափվեն հեղափոխությունից: Ես խիստ կասկածում եմ, թե ՀՀԿ-ն կհարի նրան: Դա մրից ելնել՝ մրջուրն ընկնելու նման է, գնալ ու կանգնել մեկի կողքին, ով խայտառակ անցյալ ունի:

– Ռուսաստանը կարծես անթաքույց սկսել է աջակցել Ռոբերտ Քոչարյանին, ՌԴ նախագահը հրապարակավ ջերմորեն շնորհավորեց Քոչարյանի տարեդարձը: Սա ի՞նչ ուղերձ ունի:

– Նորություն չէ, որ Քոչարյանն ու ինքը գործընկերներ են եղել: «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով, նաև շատ ուրիշ ռազմավարական կարողություններ են զիջել Ռուսաստանին հենց Քոչարյանի ձեռքով: Ի վերջո, իրար հետ հաց են կերել: Երևի որոշել են սատարման ակցիա կազմակերպել:

– Իսկ ռիսկ կա՞, որ Ռուսաստանն այս իրավիճակում կարող է միջամտել Հայաստանի ներքին գործերին:

– Չի՛ կարող: Եթե որևէ մեկն իր բախտը փորձի և սկսի միջամտել Հայաստանի ներքին կյանքին, սիրո և համերաշխության հեղափոխության նշանաբանները լրջորեն կփոխվեն: Եթե որևէ մեկը փորձի Հայաստան զորք բերել, զորք հանել փողոց, մենք էլ չենք ասելու՝ հեռացի՛ր, թոշակառո՛ւ: Օկուպանտների հետ վարվում են այնպես, ինչպես պետք է վարվել օկուպանտների հետ, թույլ տվեք չբացատրել: Եվ սա, ես վստահ եմ, Մոսկվան շատ լավ հասկանում է:

Սա մանկապարտե՞զ է, չեմ հասկանում, էս ո՞ւմ ես բերել մեզ վրա, ա՛յ ընկեր: Ես որևէ մտահոգություն չունեմ այս իմաստով: Կրեմլում էլ շատ լավ հասկանում են նման անհեթեթությունների հետևանքը, և չեմ կարծում, թե պատրաստվում են բացի այդ հեռակա համբույրից ու ջերմ շնորհավորանքից այլ աջակցություն ցուցաբերել Քոչարյանին:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Քոչարյանի այն պնդումը, թե Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության պատճառը Սերժ Սարգսյանի՝ երրորդ շրջանի պաշտոնավարման գնալն ու սահմանադրական փոփոխություններն էին:

– Ես կարծում եմ, որ այդ դրվագով ճիշտ կլինի, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իջնեն Զանգվի ձոր և հարաբերություններ պարզեն: Թող ավտոների համարները հանեն ու իջնեն ձոր, վաղուց պետք է դա արած լինեին, մենք էլ կազատվեինք նրանցից:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am