ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը օգոստոսի 30-ին ընդունել է Հարավային Կովկասում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհանես Վան Դեր Կլաուին և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Աննա Կարին Օստին:

Ողջունելով հյուրերին` Դավիթ Գևորգյանը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունը Հայաստանում` ուղղված փախստականների և ապաստան հայցողների իրավական, սոցիալական պաշտպանությանն ու ինտեգրմանը: <<Հայաստանը կարևորում է ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությունը, որն աջակցել է Հայաստանին թե Ադրբեջանից փախստականների, և թե այսօր Սիրիայի փախստականներին սոցիալական, իրավական պաշտպանության, ինտեգրման հարցերում: Հայաստանը համագործակցել է և առաջիկայում էլ նոր կառավարությունը պատրաստ է սերտորեն համագործակցել և ՄԱԿ ՓԳՀ-ի, և նրա գործընկեր կազմակերպությունների հետ` եռակողմ ձևաչափով>>,-ասել է փոխնախարարը:
Դ. Գևորգյանն առաջնահերթ է համարել փախստականների բնակարանային բարելավմանն ուղղված աշխատանքները, նշելով, որ այս և այլ խնդիրների լուծման հարցում ակնկալում է կազմակերպության հետ փոխգործակցություն:

Հարավային Կովկասում ՄԱԿ ՓԳՀ-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհաննես Վան Դեր Կլաուն շնորհակալություն է հայտնել փոխնախարարին ընդունելության համար և վերահաստատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը: Ներկայացնելով ՄԱԿ-ի ՓԳՀ -ի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Աննա Կարին Օստին` նա հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցությունը նույնքան արդյունավետ կշարունակվի, որքան նախկինում էր:

ՄԱԿ ՓԳՀ-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Կլաուն նշել է, որ ՄԱԿ ՓԳՀ-ն շարունակելու է աջակցություն ցուցաբերել Միգրացիոն ծառայությանը կարողությունների զարգացման, փախստականների և ապաստան հայցողների իրավական պաշտպանության բարելավման ուղղությամբ: Միաժամանակ նա կարևորել է ապաստան հայցողների ընդունման նոր կենտրոնի կառուցման անհրաժեշտությունը և վստահեցրել , որ կազմակերպությունն իր կողմից կփորձի դոնորներ գտնել` այս հարցում ՀՀ կառավարության նախաձեռնությանն աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության հետ համագործակցության ընդլայնմանը, Հայաստանում այլ երկրների քաղաքացիների ապաստանի տրամադրման ընթացակարգերին, փախստականների ինտեգրմանը և մի շարք այլ հարցեր: