Ծանոթանալով ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պարզաբանմանը ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայտարարությունների վերաբերյալ, հաշվի առնելով, որ այդ պարզաբանումը նաև բովանդակում է տեղեկատվություն, որն անմիջականորեն առնըչվում է մեր վստահորդ Անահիտ Ֆարմանյանին և վերջինիս առաջադրված մեղադրանքին, ինչպես նաև պաշտպանների գործողություններին՝ ներկայացնում ենք մեր դիրքորոշումը քրեական գործի ընթացքի և ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության նկատմամբ:

Հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կամ ամբողջությամբ չի տիրապետում իրական փաստերին, կամ միտում ունի դրանց հատվածական ներկայացմամբ խեղաթյուրել պատկերը և քրեական վարույթի իրավաչափության «պատրանք ստեղծել»:  Ընդ որում, հայտարարությունը շարադրված է շատ գրագետ և փաստերի ներկայացված հաջորդականությամբ ընթերցողի մոտ կարող է համոզմունք առաջացնել, որ այն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը:

Մինչդեռ,

  • Հայտարարությամբ նշվում է, որ Անահիտ Ֆարմանյանին որպես կասկածյալ պատշաճ կարգով ուղարկվել է ծանուցագիր, ոստիկանության կողմից փորձ է արվել վերջինիս հանձնել ծանուցագիրը, հեռախոսազանգեր են կատարվել, սակայն ոչ ոստիկանության աշխատակցի մեղքով զանգը ընդհատվել է:Ավելի ուշ պարզվել է, որ Անահիտ Ֆարմանյանը հուլիսի 30-ին՝ ժամը 21:56-ին հատել է ՀՀ սահմանը:  Քանի որ դատախազությունը կարևորել է նշել, թե հստակ որ պահին է Անահիտ Ֆարմանյանը մուտք գործել հարևան հանրապետություն, ցանկալի կլիներ, որ նշվեին նաև մնացած գործողությունների ժամերը, օրինակ, որ ոստիկանության աշխատակիցը փորձել է ծանուցագիր հանձնել ժամը 21:50-ին, իսկ հեռախոսազանգերը կատարվել են
    21:55-22:01 ժամանակահատվածում: Հնարավոր այլ մեկնաբանություններից խուսափելու համար նշենք, որ այս տվյալներն արձանագրված են եղել ոչ մեր կողմից, և հաստատապես պետք է հայտնի լինեին վարույթն իրականացնող մարմնին և ՀՀ գլխավոր դատախազությանը:
  • Նշվում է, որ նույն օրը տեղի է ունեցել հեռախոսազրույց քննիչի և փաստաբանի միջև, որով տեղեկացվել է հաջորդ օրը պլանավորված դատավարական գործողությանը կասկածյալի կարգավիճակով մասնակցելու մասին: Կրկին չի նշվել հեռախոսազանգի ժամը՝ 20:30, ինչը կարևոր է այնքանով, որ աշխատանքային ժամի ավարտից հետո հաջորդը օրը այլ քաղաքում դատավարական գործողության մասնակցելու հրավերը նվազագույնը ողջամիտ չի կարող համարվել: Դատախազությունը, հավանաբար, տեղեկացված չէ, որ փաստաբանը հայտնել է, որ ստիպված այլ անձ պիտի   փոխարինի իրեն: Ինչպես և ոստիկանները, փաստաբանը նույն ժամանակահատվածում նույնպես չի կարողացել կապ հաստատել իր վստահորդի հետ: Ինչ վերաբերում է Անահիտ Ֆարմանյանի դատավարական կարգավիճակի մասին հայտնելուն՝ փաստաբանը հնարավոր կարգավիճակի մասին տեղեկացել է օգոստոսի 6-7-ին տարածվող ԶԼՄ նյութերից, իսկ պաշտոնապես՝ 12/08/2018թ-ին՝ առձեռն ստանալով դատավարական փաստաթղթերը:
  • Հստակ չի նշվում, որ 31/07/2018թ․ փաստաբանը վաղ առավոտյան՝ աշխատանքային օրվա հենց սկզբում է տեղեկացրել քննիչին, որ դեռևս գիշերը տեղեկացել է Անահիտ Ֆարմանյանի՝ ՀՀ սահմանը հատելու մասին և պատրաստակամության հայտնել էլեկտրոնային փոստով ներկայացնել անձնագրի լուսանկարը:
  • Հուլիսի 31-ին փաստաբանից, իսկ օգոստոսի 1-ին ՍԷԿՏ համակարգի տվյալներից տեղեկանալով Անահիտ Ֆարմանյանի բացակայության մասին՝ անհասկանալի է , թե ձերբակալման համար ինչու են ոստիկանները այցելել վերջինիս բնակարան, անհանգստացրել ընտանիքի անդամներին, երբ կարող էին փաստաբանի միջոցով կապ հաստատել Անահիտ Ֆարմանյանի հետ:

 Վերոնշյալ փաստերի և ժամանակագրության անգամ մակերեսային համադրումը ցանկացած մեկի համար ակնհայտ կդարձնի, որ վարույթն իրականացնող մարմնի և ոստիկանության աշխատակիցների ջանքերն այնքան էլ արդյունավետ չեն եղել քրեական դատավարության իրական նպատակներին ծառայելու համար:

Ինչպես նաև,

  • Դատախազությունը, հավանաբար, տեղեկացված չէ, որ օգոստոսի 3-ին փաստաբանը կրկին կապ է հաստատել քննիչի հետ՝ պարզելու համար, թե արդյոք որևէ խնդիր կա, որին չի հետևել անհապաղ վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու պահանջը, այլ նշվել է, որ քննիչը տեղյակ չէ ոստիկանության գործողություններից:
  • Դատախազությունը հավանաբար տեղեկացված չէ, որ հարուցված քրեական գործի պայմաններում քննիչի կողմից դատավարական գործողության մասնակցելու ծանուցումներ ուղարկելու փոխարեն Անահիտ Ֆարմանյանի ընտանիքի անդամներին են այցելում ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներ՝ /ըստ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի/ համոզվելու համար, որ տիկին Ֆարմանյանը տալու է «անհրաժեշտ բովանդակությամբ» ցուցմունքներ:
  • Սակայն դատախազությանը հաստատապես պետք է հայտնի լինի, որ բացահայտ սուտ է այն տեղեկությունը, որ Անահիտ Ֆարմանյանը գործավարների միջոցով գումար է ստացել 3529 ուսանողներից յուրաքանչյուրից և հստակ 5500-ական դրամներով: Գործով ձեռք բերված ապացույցները այլ տվյալներ են պարունակում, ինչի մասին ներկայում չենք կարող բարձրաձայնել՝ հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունը: Հայտարարության այս հատվածը կրկին վկայում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կամ էապես խորամուխ չի եղել պաշտպանների բարձրաձայնած խնդիրների և քրեական գործի նյութերի ուսումնասիրությանը և ապա նոր միայն հայտարարություններ անելուն, կամ շրջանառում է ապատեղեկատվություն: Ինչ վերաբերում է ուսանողների մի մասի կողմից վճարված գումարներին՝ դրանց ստացման նպատակների և դրանցով արված ծախսերի մասին տեղեկատվությունը ներկայացվել է Անահիտ Ֆարմանյանի հայտարարությամբ, իսկ առավել մանրամասն կներկայացվի վարույթն իրականացնող մարմնին:

Հուսով ենք, որ թե՛ Շիրակի մարզի դատախազությունը, թե՛ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական վարույթի ընթացքում իրականացնում են հետաքննության և նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում՝ համաձայն ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի, այլ ոչ թե հնացած ոստիկանական անցանկալի պրակտիկայի և հետամուտ կլինեն արձագանքել ներկայացված փաստերին ոչ միայն հրապարակային հայտարարություններով, այլև իրենց լիազորություններից բխող դատավարական գործողություններով:

            Կրկին  հայտնում ենք, որ մեր վստահորդը պատրաստակամ է համագործակցել իրավապահների հետ, սակայն ակնկալում ենք, որ համագործակցությունը իրապես կառուցողական է լինելու, իսկ իրավապահների գործողությունները՝  օրենքի տառին համապատասխան եւ վստահության արժանի: