«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀՇվարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքիպատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը:

– Պարոն Զուրաբյան, մամուլը գրում է, որ չեք առաջադրվելու Երևանի ավագանու ընտրություններին։ Ինչո՞ւ Ձեր որոշումը փոխեցիք վերջին պահին։

– Կարծում եմ՝ մամուլը պետք է ԿԸՀ-ից ճշտի՝ ով է առաջադրվել։ Հավանաբար ուշադիր չեն եղել։ ՀՀՇ-ն և «Հայոց հայրենիք»  կուսակցությունները ձևավորել են «Երևանցիներ» դաշինքը, և շատ ակտիվ մասնակցելու ենք նախընտրական քարոզարշավին։

– Առաջադրվել են չորս դաշինք և ինը կուսակցություն։ Կարծում եք՝ մրցակցային ընտրություննե՞ր են լինելու։

– Բնականաբար, մրցակցային ընտրություններ են լինելու։ Մի բան ակնհայտ է, որ այս անգամ, համոզված եմ և հույս ունեմ, ընտրությունները կլինեն արդար, և սա ռեալ հնարավորություն է յուրաքանչյուր քաղաքական ուժի համար՝ ունենալու փաստեր, թե հասարակությունն ինչպես է ընդունում այս կամ այն անհատին կամ քաղաքական ուժին։

– Ըստ մամուլի՝ Դուք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածություն եք ունեցել, որ ԲՀԿ-ականներն ազատ են լինելու որոշել, թե ում թեկնածությունը պաշտպանեն, ում օգնեն՝ իրե՞ն, թե՞ ԲՀԿ պաշտոնական թեկնածու Նաիրա Զոհրաբյանին։ ԲՀԿ ամբողջ ռեսուրսը եթե աշխատի Նաիրա Զոհրաբյանի համար, հնարավո՞ր է՝ Ձեր ցանկալի արդյունքը չարձանագրեք՝ չունենալով այդ ռեսուրսները։

– Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են ընտրություններին, ակնկալում են մեկ ռեսուրս՝ մեր հասարակության քվեն, որը մենք ցանկանում ենք ստանալ։ Հասարակությունը ինքն իր համար որոշում է ընդունելու և պատկերացնելու է, թե ում է տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում։ Ես համոզված եմ, որ լավագույն և ամենաարդյունավետ ռեսուրսը դա է։ Իսկ ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին, կարծում եմ՝ մենք շատ բարեկամաբար այդ պրոցեսը կտանենք։

– Ծրագիրն արդեն պատրա՞ստ է։

– Ընդհանուր առմամբ դրույթները առկա են, բայց ավելի ծավալուն հիմա վրան աշխատում ենք։

– Իսկ արդյոք քաղաքացուն հետաքրքրո՞ւմ են այդ ծրագրերը։ Չե՞ք կարծում, որ անձերի միջև է դարձյալ պայքարը։ Ավելին՝ նշվում է, որ առաջին տեղի համար պայքար չկա, առաջին տեղում ՔՊ թեկնածուն է լինելու։

– Ես վստահ եմ, որ մեր քաղաքացին, շատ հարգելով Փաշինյանին, կուրորեն ձայն չի տալու այնպես, ինչպես ակնկալում են ոմանք, այլ ձայն է տալու նրան, ով ներկայացնելու է լուրջ ծրագիր, ներկայանալու է որպես քաղաքապետի թեկնածու, որը կարող է բարեփոխել Երևանը, մեծ փոփոխություններ իրականացնել, և ես չեմ կարծում, որ մեր հասարակությունը պետք է ամբողջությամբ առաջնորդվի նրանով, որ այս կամ այն անձը ներկայացնում է այս կամ այն թիմը։ Մի բան ակնհայտ է՝ Երևանում շատ տարբեր են մոտեցումները, և ես կարծում եմ, որ ՔՊ-ն ինչ-որ տեղ միգուցե իր ընտրության մեջ ամենալավ լուծումը չի գտել։

– Պատրա՞ստ եք բանավեճերի առաջադրված թեկնածուների հետ։

– Ոչ թե պատրաստ եմ, այլ ակնկալում եմ, որ կլինեն  բանավեճեր, որովհետև դա է հնարավորություն տալու քաղաքացիներին հստակ կողմնորոշվելու, թե ում պետք է տան իրենց ձայնը։

– Նախկինում Կենտրոն համայնքի ղեկավար եք եղել։ Կարծում եք՝ նախկին ռեսուրսից ինչ-որ բան մնացե՞լ է։

– Ամբողջ թիմը մնացել է։

– ԲՀԿ-ի հետ հարաբերությունները ինչպե՞ս են։

– Շատ բարեկամական, շատ լավ, աշխատանքային։ Ես «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր եմ, ունեմ բարեկամական հարաբերություններ և կարծում եմ՝ այդպես էլ կշարունակվեն։

– ԲՀԿ-ից որևէ թև Ձեզ կսատարի՞, հաշվի առնելով Գևորգ Պետրոսյանի դիրքորոշումը Նաիրա Զոհրաբյանի առաջադրման հետ կապված։

– Ես չեմ ուզում դրա վրա կենտրոնանալ, որովհետև մեկ բան ակնհայտ է՝ ԲՀԿ-ն ունի իր թեկնածուն՝ Նաիրա Զոհրաբյանը, որին հաջողություն եմ ցանկանում այս ընտրություններում։ Ես ունեմ բավարար հնարավորություններ և  ինձ աջակցողների բավականին լուրջ թիմ, որոնք, կարծում եմ, բավարար են լուրջ արդյունք արձանագրելու համար։