Նոր կառավարության համար ադապտացիոն շրջանը համարվում է ավարտված, և արդեն շատ լրջորեն պետք է զբաղվել բարեփոխումների լայնածավալ գործողություններով, կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ այդ բարեփոխումներն իրենց հերթին տնտեսական և քաղաքական զարգացման նոր շունչ, լիցք և ալիք կբերեն Հայաստան: «Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները: Ընդհանրապես ընդունված է ասել, որ բարեփոխումներն, այսպես ասած, ցավոտ գործընթաց են: Բայց ես կարծում եմ, որ այս տրամաբանությունից պետք է հրաժարվենք, որովհետև բարեփոխումների մեր ալգորիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ, համաձայնության հաստատումը այս կամ այն բարեփոխումների ուղղությամբ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Հայաստանում արդեն կա կառավարման նոր համակարգ, ուղիղ ժողովրդի կառավարում է երկրում, և բոլոր քայլերը պետք է բխեն այս տրամաբանությունից: Առաջին քայլն այն կլինի, որ արդեն հաջորդ շաբաթվանից Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ երկխոսություն կսկսեն հանրության հետ: «Մենք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք, դրանք չպետք է լինեն հապշտապ, ափալ-թափալ, թելադրված, չմտածված, դրանք պետք է ուղիղ և օրգանական կապ ունենան մեր ազգային շահերի, առաջադրված խնդիրների և Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափոխության առաջադրած խնդիրների հետ»,- հայտարարեց նա: Վարչապետը նշեց, որ այսպիսով ազդարարվում է աշխատանքի նոր փուլի մեկնարկը: «Ես բոլորիս մաղթում եմ պրոֆեսիոնալիզմ, իմաստություն, խելամտություն և հաջողություն»,- հավելեց նա: