Նախօրեին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել են: Հանդիպման այլ մանրամասների, արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

-Պարո՛ն Շարմազանով, Ձեզ հայտնի՞ են Փաշինյան-Բաբլոյան հանդիպումից այլ մանրամասներ, բացի այն, ինչ տարածվեց հաղոդրագրության մեջ:

-Ինչ քննարկվել է, հիմնականում տարածվել է մամլո հաղորդագրության մեջ: Գիտեք, Նիկոլ Փաշինյանի՝ հանրահավաքին ելույթից հետո ԱԺ նախագահը հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ պատրաստ է հանդիպել վարչապետի, նախագահի, ՄԻՊ-ի եւ եթե չեմ սխալվում, ԲԴԽ նախագահի կամ անդամների հետ:

-ԱԺ-ն ներկայում քաղաքական ընդհանուր իրավիճակը, խճանկարը չի արտացոլում: Որքանով է, ըստ Ձեզ, ճիշտ, որ ՀՀԿ-ն, որին մերժեց փողոցում պայքարող քաղաքացին, շարունակի ԱԺ-ում աշխատանքը ղեկավար կազմում:

-Աժ-ն ընտրվել է մինչեւ 2022 թվականը: Ընտրությունները կլինեն 9 ամիս հետո, 6 ամիս հետո, 1 ամիս հետո, ես պատրաստ չեմ ասել: ՀՀԿ-ն, ես ինքս մշտապես առաջնորդվել եմ պետական շահով: Ինչպես այդ շահը պահանջի, այդպես էլ կվարվենք: Բայց որեւէ մեկը չի կարող երաշխիք տալ, որ 5 տարվա ընթացքում խճանկարը կարող է փոխվել: Ինչ կլինի՝ 5 ամիս, 6 ամիս հետո՝ չեմ կարող ասել. ընտրություններ կլինեն, թե ոչ, կամ եթե լինեն, ինչպիսի պատկեր կունենանք: Ես ուզում եմ, որպեսզի ֆիքսենք. Հանրապետականն ուղղակի չի քննադատում նոր կառավարությունը քննադատելու համար, եթե այս կառավարությունը մի լավ քայլ անի, ես կողջունեմ, եթե սխալ քայլ լինի, պետք է քննադատեմ:

-Քննադատություն արդեն հնչել է, իսկ կարո՞ղ եք նոր կառավարության որեւէ դրական քայլ նշել:

-ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ հարաբերությունների զարգացումը համարում եմ դրական: Բայց մյուս կողմից այն, ինչ տեղի ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրով, նման բան չէր եղել: Այսօր շատ կարեւոր հարց է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության նախագահությունը շարունակի Հայաստանը: Հենց Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի խոսքից էլ երեւում է, որ այդ պաշտոնն օդից մեզ ոչ ոք չէր նվիրել: Դա տեղի է ունեցել լուրջ պայքարի արդյունքում: Լուկաշենկոն իրավունք չուներ եւ չէր կարող ասել՝ Խաչատուրովին դեմ եմ, Շարմազանովին նշանակեք: Եթե Լուկաշենկոն այլ թեկնածու է ունեցել, նա կարող էր միայն Բելառուսը ներկայացնել: Այսինքն` սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը՝ որպես առաջնորդ, ՀԱՊԿ-ում այնքան է ամրացրել մեր դիրքերը, որ պայքարի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչը դարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Սա հաջողությու՞ն է, թե՞ ոչ: Իսկ եթե սա չի բարձրաձայնվել, շոու չենք արել, փիար չենք արել, սա կարող է մեր թերությունն է եղել: Բայց որ Փաշինյանը խոսում է, թե ամեն ինչ լավ է հայ-ռուսական հարաբերություններում, ես դեռեւս միայն հակառակն եմ տեսնում: Երանի լավ լինի, կարո՞ղ է ես վատն եմ ուզում: Հիմա օրակարգային հարց է առաջացել Հայաստանի համար ՀԱՊԿ-ում, որը մեր շահերից չի բխում: Եվ եթե ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանի քաղաքացուց անցնի այլ երկրի քաղաքացու, այստեղ իր պատասխանատվության բաժինն ունի նախեւառաջ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը, որն այդ հեղինակավոր միջազգային ռազմաքաղաքական կառույցում նախագահությունը կնվիրի այլ պետության:

-Դուք եւ այլ ՀՀԿ-ականներ նշում էիք, որ նոր իշխանության կողմից խոսքի սահմանափակում կա, նաեւ հալածանք: Իսկ Սերժ Սարգսյանի եւ իրենից առաջ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Դուք նման խնդիրներ չէի՞ք նկատում ընդդիմության հանդեպ:

-Ինչ կապ ունի՝ ինչ է եղել այն ժամանակ: Մենք հիմա խոսում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության մասին: Հանրապետականի իշխանությունը եթե անթերի լիներ, մենք կլինեինք այսօր իշխանություն:

-Այսինքն, ընդունում եք, որ կային սխալներ:

-Եթե 3 ամսվա մեջ Ն. Փաշինյանը հարյուրավոր սխալներ է արել, ինչպես կարող է ՀՀԿ-ն 20 տարվա մեջ սխալներ չաներ: Մենք էլ հազարավոր սխալներ ենք արել 20 տարվա մեջ: Բայց եթե ինքը 20 տարի մնա եւ այս պրոգրեսիայով գնա, կարող է 20 տարվա մեջ Հայաստան չմնա: ՀՀԿ-ն, օրինակ, երբեք չի ասել, որ եթե մեկն այսպիսի բան ասի, ԱԱԾ-ն իրենով կզբաղվի:

-ՀՀԿ-ն ավագանու ընտրություններին ո՞ր ուժին է սատարելու:

-Այդ թեմայով քննարկում չի եղել:

-Տեղեկություն կար, որ ՀՀԿ-ն աջակցելու է «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանին:

-Ես շատ հարգում եմ Արտակ Զեյնալյանին, բայց դա չի նշանակում, որ որեւէ մեկի համար գնալու եմ քարոզ անեմ: Ես Ալավերդիում եմ գրանցված եւ չեմ քվեարկելու այս ընտրություններին: Իսկ ընտանիքիս մյուս անդամները կքվեարկեն՝ տեսնելով թեկնածուների ծրագրերը:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ