ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր էի ուղղել, կապված վարչապետի աշխատակազմի ղեկավարի հայտնի սկանդալային շրջաբերականի հետ: Այսօր ստացել եմ պատասխանը, որն ինչպես խոստացել եմ, հանրայնացնում եմ (տես ստորև): Վարչապետի պատասխան գրության հեղինակները փորձել են իրավական հիմքեր ապահովել այդ շրջաբերականի համար, սակայն ողջ ներուժով ամրապնդել են իմ քննադատության հիմքերը, այս անգամ, նաև իրավական դաշտում շրջաբերականի ապօրինի լինելու հանգամանքը ընդգծելով:

1. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` Փոխվարչապետի հրապարակային ելույթները պետք է համահունչ լինեն Կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններին: Նույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախարարի հրապարակային ելույթները պետք է համահունչ լինեն Կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններին։
Մինչդեռ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարականը հասցեագրված է ոչ միայն ՀՀ կառավարության անդամներին, այլև՝ Կառավարության ենթակա մարմինների ղեկավարներին, Վարչապետի ենթակա մարմինների ղեկավարներին։

2. Միևնույն ժամանակ հանձնարարականի տեքստում նույն հիմքով հանձնարարական է տրվում նաև վերոգրյալ մարմինների աշխատակիցներին, սակայն, ինչպես արդեն նշեցինք, վերոգրյալ օրենքը պահանջ նախատեսում է միայն փոխվարչապետերի և նախարարների համար, ընդ որում` խոսքը վերաբերում է միայն հրապարակային ելույթներին։

3. Ինչ վերաբերում է պետական մարմինների աշխատակիցներին, ապա վերջիններիս համար` որպես հանրային ծառայողների պարտականություն նախատեսված է միայն պահպանել քաղաքական չեզոքություն («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդված), ինչը նշանակում է, որ բացի քաղաքական հարցերից նրանք ազատ են իրենց դիրքորոշումը հայտնել, հետևաբար չեն կարող պատասխանատվության ենթարկել իրենց արտահայտած կարծիքի համար։ Ընդ որում, կառավարության պատասխանում որպես պատասխանատվության հիմք նշված է իրավական տեսանկյունից նոնսենս հանդիսացող կարգը:

4. Հայաստանի Հանրապետության Կառավարության աշխատակարգի 121 հոդվածի համաձայն, վարչապետի աշխատակազմում ստացված գրությունների, նամակների, հանձնարարականների, հեռագրերի ու մյուս փաստաթղթերի կապակցությամբ վարչապետը մակագրությամբ հանձնարարականներ է տալիս պետական կառավարման համակարգի մարմիններին` անմիջականորեն կամ վարչապետի աշխատակազմի ղեկավարի միջոցով: Սակայան խնդրո առարկայի կապակցությամբ նման որևէ գրություն վարչապետի պատասխանին կցված չէ:

5. Վարչապետը չի պատասխանել նաև իմ հարցին, կապված վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից նման կարգ սահմանելու իրավասության հետ:

Վերոգրյալից կարող ենք եզրակացնել, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարականը ոչ միան սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը և տեղեկատվության ազատությունը, այլև համահունչ չէ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին»։